Մատչելիության հղումներ

ԱԳ փոխնախարարը զավեշտ է որակում Ադրբեջանում եվրախորհրդարանականների նկատմամբ քրեական հետապնդում սկսելը


Շավարշ Քոչարյան, արխիվ
Շավարշ Քոչարյան, արխիվ

Եվրախորհրդարանի պատգամավոր, ԼՂ-ում դիտորդական առաքելություն իրականացրած խմբի ղեկավար, Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելին չի մտահոգում Բաքվի նման պահվածքը: «Ես իմ հաջորդ արձակուրդը չեմ պլանավորում Արդբեջանում անցկացնել»,- օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր նա:

Հայաստանի փոխարտգործանախարարը զավեշտ է համարում Ադրբեջանի իշխանությունների որոշումը՝ քրեական գործ հարուցել օտարերկրյա այն քաղաքացիների գործողությունների հիմքով, որոնք սահմանադրական հանրաքվեի օրերին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, այցելել էին Լեռնային Ղարաբաղ:

Այսօր, կառավարության նիստից հետո, պատասխանելով «Ազատության» հարցին, Շավարշ Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի իշխանությունների այդ որոշումը «չի կարող ազդել Արցախ այցելությունների վրա»: «Արդեն վաղուց Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ զավեշտի են վերածում: Թե՛ միջազգային իրավունքը, թե՛ նույնիսկ իրենց ներքին կյանքը: Ես հրաժարվում եմ մեկնաբանել, դա ուղղակի զավեշտ է և, բնականաբար, որևէ կերպ չի կարող ազդել Արցախ այցելությունների վրա»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այդ երկրի գլխավոր դատախազությունը «Ինտերպոլ»-ով միջազգային հետախուզում է հայտարարել Եվրախորհրդարանի պատգամավորներ՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող Ֆրանկ Էնգելի, Կիպրոսի ներկայացուցիչ Էլենի Թեոխարուսի և Չեխիան ներկայացնող Յարոմիր Շտետինայի նկատմամբ՝ Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն դիտարկելու համար: Այդ առթիվ Ադրբեջանում քրեական գործ է հարուցվել՝ Լեռնային Ղարաբաղ բազմիցս «ապօրինի այցելելու» հիմքով, ադրբեջանական դատարանն էլ նշված երեք եվրախորհրդարանականներին կալանավորելու որոշում է ընդունել:

Երկու օր առաջ, երբ Եվրախորհրդարանի պատգամավորները Ստեփանակերտում լրագրողներին ներկայացնում էին հանրաքվեի վերաբերյալ իրենց գնահատականը, դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանկ Էնգելին խնդրեցինք արձագանքել Ադրբեջանի արտգործնախարարության այն հայտարարությանը, ըստ որի, Լեռնային Ղարաբաղում օտարերկրացի դիտորդների անունները տեղ կգտնեն Բաքվի հայտնի «սև ցուցակում»:

Վերջինս արձագանքեց՝ «Միակ բանը, որ կարող եմ ասել, հետևյալն է՝ ես իմ հաջորդ արձակուրդը չեմ պլանավորում Արդբեջանում անցկացնել: Ամեն անգամ, երբ Ղարաբաղ ենք գալիս, մեզ սպառնում են դրանով: Մեզանից շատերը՝ օրինակ Էլենի Թեոխարուսը՝ Եվրախորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի ղեկավարը, արդեն Ադրբեջանի «սև ցուցակում» են: Վերջին անգամ, երբ ստուգել եմ, ես դեռ չկայի այդ ցուցակում, չնայած, որ ինձ միշտ սպառնացել են դրանով: Բայց դա ինձ չի զարմացնում և հետ չի պահի նորից այստեղ գալուց»:

Նախորդ շաբաթներին հանրության ուշադրության կենտրոնում էր Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի հետ տեղի ունեցածը: Լապշինը, ով ընդմանեը երկու անգամ՝ 2011 և 2012 թվականներին որպես զբոսաշրջիկ այցելել էր Լեռնային Ղարաբաղ և իր բլոգում հանրությանն էր ներկայացրել ճամփորդության տպավարությունները, անցած տարվա դեկտեմբերի 14-ին Մինսկում ձերբակալվեց և կալանավորվեց: Կարճ ժամանակ անց, Ադրբեջանի դատախազության պահանջով, ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի շրջանակներում Հայաստանի դաշնակից Բելառուսը բլոգերին արտահանձնեց Ադրբեջանին:

Այսօր նաև հայտնի դարձավ, որ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի Ազոխի քարանձավում դեռ 2002 թվականից իրականացվող հնագիտական պեղումների փաստով: Պեղումներն իրականացնում են Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի աշխատակից Լևոն Եպիսկոպոսյանը, Իսպանիայի Բնագիտության ազգային գիտական թանգարանի հետազոտող Ֆերնանդես Խալվոյը, Բրիտանական թանգարանի «Ազոխի նախագծի» տնօրեն Բլանֆորդ Թանյու Քինգը և Լոնդոնի Բնագիտության թանգարանի գիտաշխատող Փիթեր Էնդրյուն:

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Եպիսկոպոսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում «անհեթեթ» որակեց Ադրբեջանի իրավապահ մարմինների գործողությունները՝ զարմանք հայտելով, թե ինչպես կարելի է հետապնդման ենթարկել գիտությամբ զբաղվելու համար:

«Վերին շերտը, որտեղից մենք սկսել ենք աշխատել (և ոչ միայն մենք, այլև նախորդ խումբը), ունի 100 հազար տարվա վաղեմություն: Այստեղ խոսել, չգիտեմ, ինչ-որ նացիոնալիզմի մասին, խոսել, թե ոտնահարում ենք ինչ-որ մի էթնիկական խմբի իրավունքները, մեծարում ենք մյուսին և այլն, անհեթեթություն է: 100 հազար տարի առաջ նույնիսկ ժամանակակից մարդն այստեղ չի բնակվել: էստեղ բնակվել է նեանդերթալ մարդը, որն ուղղակի մեր հեռու, այսպես ասած, էվուլյուցիոն բարեկամներից է, ոչ հայ է, ոչ՝ ադրբեջանցի, ոչ էլ ռուս կամ հրեա»,- ասաց գիտնականը:

Վերջինս հավելեց՝ չնայած քրեական գործին, գիտնականների միջազգային խումբը շարունակելու է աշխատել Արցախի քարանձավներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG