Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանի մահվան հանգամանքները:
«2017 թվականի փետրվարի 23-ին՝ ժամը 00:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, հակառակորդի կրակը ճնշելու նպատակով գնդացրով պատասխան կրակ վարելու ժամանակ, ըստ նախնական տվյալների, փամփուշտը փողում պայթելու պատճառով, մահացու բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Գոռ Ֆրունզիկի Խուդինյանը», - ասված է հաղորդագրությունում:
Ըստ կոմիտեի, դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով):
«Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում: