Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը «հնարք» է համարում Կարապետյանի հետագա պաշտոնավարման մասին հայտարարությունը


Հանարապետականի հաղթանակի դեպքում 2018-ից հետո էլ վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մասին խոսակցությունները ընդդիմադիր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը «նախընտրական հնարք», «ժողովրդին մոգական հեռանկարներով գայթակղելու ցանկություն» է որակում:

«Մենք այստեղ գործ ունենք ժողովրդին ֆռռացնելու, ժողովրդին խաբելու հետ», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա․ - «Եվ մենք տեսնում ենք՝ անգամ չեն կարող կոնկրետ իրար մեջ համաձայնեցված գիծ ներկայացնել, որովհետև պատասխանելով Al-Jazeera-ի հարցին՝ արդյո՞ք նա պատրաստվում է լինել վարչապետ, թե չէ, Սերժ Սարգսյանն ասաց, որ դա կախված է Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների արդյունքներից, ըստ էության ասելով, որ եթե այդ արդյունքները լինեն տպավորիչ, ինքը կստանձնի այդ պաշտոնը: Հիմա նույն պաշտոնի վրա իր հավակնության մասին հայտարարություն է անում Կարեն Կարապետյանը: Ըստ երևույթին մեկը ամրապնդում է իր թիմը, մյուսը՝ իր թիմը, փորձում են ներկայացնել այնպիսի հեռանկարներ, որոնք ոգևորիչ կլինեն որոշ հատվածների համար անկախ նրանից, որ այդ հեռանկարները իրար հետ գտնվում են հակասության մեջ»:

«Մեդիամաքսի» թղթակցի դիտարկմանը, թե Կարապետյանը մի քանի անգամ խոսել է այն մասին, որ եթե ինքն ու իր թիմը հաջողություններ ունենան, վարչապետի պաշտոնում կցանկանա շարունակել աշխատանքը նաև 2018 թվականին արդյո՞ք նշանակում է, որ հաջորդ տարի օրենսդրական սահմանափակումն արդեն չի՞ գործելու, Կարապետյանը կարծիք է հայտնել, թե՝ «2018-ին այդ պահանջը բավարարած կլինի»:

Փոփոխված Սահմանադրության համաձայն կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջներին՝ լինի քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող անձ: Ըստ օրենքի՝ քաղաքացին վերջին չորս տարում Հայաստանում մշտապես բնակվող չի համարվում, եթե թեկնածուի գրանցման համար մշտապես բնակվելու մասին տեղեկանքը ստանալու նպատակով լիազոր մարմնին դիմում տալու օրվան նախորդող 1 461 օրերի ընթացքում առնվազն 731 օր բացակայել է Հայաստանից, բացառությամբ այն դեպքերի, երբ բացակայությունը պայմանավորված է եղել ծառայության մեջ գտնվող անձի ծառայողական նպատակներով գործուղվելու կամ արտերկրում բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության հանգամանքներով:

5 տարի ռուսաստանյան «Գազպրոմբանկ»-ի փոխնախագահ աշխատած Կարապետյանը Հայաստանի վարչապետ նշանակվեց անցած տարվա սեպտեմբերին:

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք կա նման պայմանավորվածություն, որ ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարապետյանը 2018-ից հետո էլ շարունակի պաշտոնավարումը․ - «Նախ՝ ամեն ինչ կախված է ապրիլյան ընտրություններից: Աստված տա՝ ապրիլյան ընտրությունները լինեն օրինական, ժողովրդավարական և այդ ընտրություններում Հանրապետականը հասնի արժանի հաջողության, դրանից հետո կմտածենք: Բայց 2017 թվականի վերաբերյալ մենք հստակ ասել ենք, որ մեր վարչապետի թեկնածուն Կարեն Կարապետյանն է»:

«Ազատության» ճշտմանը՝ իսկ 2018 թվականից հետո Կարեն Կարապետյանը լինելո՞ւ է վարչապետ, ՀՀԿ խոսնակը պատասխանեց՝ «կապրենք, կտեսնենք»:

«Մենք պայմանավորվածություններով առաջ չենք գնում, մենք առաջնորդվում ենք բացառապես քաղաքական արդյունավետությամբ, ծրագրերի իրականացման արդյունավետությամբ և քաղաքական շարժառիթներով: Ստվերային պայմանավորվածությունները Հանրապետականին հարիր չեն: Ինչպես թիմը կորոշի, ինչպես արդյունավետությունը կգնահատվի, այնպես էլ կանենք», - հավելեց Էդուարդ Շարմազանովը: - «Մի բան փաստ է, որ սպասելիքները Կարապետյանի կառավարությունից դրական են, որ Կարապետյանի կառավարությանը հաջողվել է այս ամիսների ընթացքում դրական ֆոն ապահովել և հանրությունը Կարապետյանից և նրա գլխավորած հանրապետական և դաշնակցական կառավարությունից սպասում է ավելի շատ դրական, քան բացասական», - ասաց ՀՀԿ խոսնակը՝ արձագանքելով «Ազատության» հարցին, թե ինչպես է գնահատում Կարեն Կարապետյանի և կառավարության աշխատանքը:

Լևոն Զուրաբյանը Կարեն Կարապետյանի վարչապետության շրջանում իրավիճակի փոփոխություն չի տեսել․ - «Կան խոստումներ, կան խոսակցություններ իբր ինչ-որ 3 միլիարդ ներդրումների մասին, բայց դրանք ընդամենը խոստումներ են: Նախորդ վարչապետներն էլ են այդ խոստումները արել: Եվ այդ խոստումներն էլ՝ 3 միլիարդի մասին, բացարձակ ոչնչով հիմնավորված չեն: Եթե հիմնավորված լինեին, կամ գոնե հավատացող լիներ նման հեռանկարների, արդեն այսօր Հայաստանում բում կտեսնեիք՝ տնտեսական բում: Որովհետև, նորմալ երկրում եթե պարզ է դառնում, որ ինչ-որ հեռանկարներ են բացվում, ինչ-որ ինվեստիցիաներ, միանգամից դա ազդում է ընդհանուր գործարար ակտիվության վրա: Մեզ մոտ նման բան չի կատարվում, հակառակը՝ ապատիա է, թերահավատություն, ինչը նշանակում է, որ այդ խոստումներին մեր ժողովուրդը, մեր բիզնես աշխարհը մոտենում է շատ իրատեսորեն և գրոշի արժեք չի տալիս»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG