Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանն այսօր կմեկնի Թբիլիսի


Մի քանի ժամից Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի ղեկավարած պատվիրակությունը հատուկ չվերթով կժամանի Թբիլիսի:

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում Կարեն Կարապետյանին ուղեկցում են միանգամից վեց գերատեսչությունների ղեկավարներ: Առաջիկա երկու օրերին վարչապետի հետ միասին Թբիլիսիում ընթացող բանակցություններին կմասնակցեն տնտեսական զարգացման և ներդրումների, գյուղատնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի, մշակույթի և առողջապահության նախարարները, ինչպես նաև փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Կողմերն առայժմ չեն հստակեցնում առաջիկա բանակցությունների օրակարգը` նշելով միայն, որ վարչապետ Կարապետյանի երկօրյա այցի ընթացքում քննարկման առարկա են դառնալու երկկողմ հարաբերությունների առանցքային թեմաները:

Ընդհանուր առմամբ պետք է նկատել, որ երկու երկրների միջև վարչապետերի մակարդակով շփումները միշտ էլ բավական ակտիվ բնույթ են կրել: Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, օրինակ, պաշտոնական այցով Երևան էր ժամանել անցած տարվա սեպտեմբերի 5-ին:

Վրացական կառավարության ղեկավարն, ի դեպ, վերջին օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյան էր, ում հետ վարչապետի կարգավիճակում հանդիպեց Հովիկ Աբրահամյանը:

Կվիրիկաշվիլիի երևանյան այցի ընթացքում հայկական կողմն առաջարկել էր հայ-վրացական համատեղ ձեռնարկություններ ստեղծել, որոնք հնարավորություն պետք է ընձեռեին Վրաստանում գրանցված ընկերություններին մուտք գործել Եվրասիական տնտեսական միության շուկա:

Ավելի վաղ՝ 2014-ի դեկտեմբերին, երբ Թբիլիսի էր մեկնել արդեն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Եվրասիական միությունում Հայաստանի անդամակցության հնարավոր ազդեցությունը Վրաստանի հետ տնտեսական կապերի վրա ևս քննարկումների հիմնական թեմաներից մեկն էր: Այն ժամանակ Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Իրակլի Ղարիբաշվիլին հույս էր հայտնում, որ Հայաստանի ղեկավարության` Եվրասիական միությանն անդամակցելու որոշումը չի ազդի Վրաստանի հետ տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարների վրա:

«Մեր հարաբերությունները շարունակելու են խորանալ: Հուսով եմ, որ Հայաստանի որոշումը` անդամակցել Եվրասիական միությանը, և Վրաստանի` Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու ձգտումը չեն խոչընդոտի մեր պետությունների բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը», - 2014-ի դեկտեմբերին հայտարարում էր Վրաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG