Մատչելիության հղումներ

Լավրով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա


Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյան և Սերգեյ Լավրով, Երևան, արխիվ
Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյան և Սերգեյ Լավրով, Երևան, արխիվ

Այսօր Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը հանդես են եկել համատեղ մամլո ասուլիսով:

Վաղվանից ուժի մեջ կմտնի ռուսաստանցիների համար Հայաստան այցելելու նոր կարգը, ըստ որի, ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան մուտք գործել ներքին անձնագրերով:

Այսօր այս մասին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Սա, թերևս, այն «հետաքրքիր բանն» էր, որ մասին այսօր ավելի վաղ ակնարկել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Որևէ այլ ուշագրավ հայտարարություն Նալբանդյան-Լավրով համատեղ ասուլիսին չի հնչել։ Սերգեյ Լավրովը պարզապես կրկնել է նման դեպքերում սովորական դարձած արտահայտությունը՝ բանակցություններն Էդվարդ Նալբանդանի հետ կառուցողական էին, ինչպես միշտ։ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն, իր հերթին, ասել է, թե պաշտոնական Երևանն ու Մոսկվան «լիակատար փոխըմբռնում» ունեն: Երկու արտգործնախարարները հայտնել են, որ առաջիկայում կկայանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա:

Լավրովը հայտարարել է նաև, որ անցած տարի ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ կազմել են 1 միլիարդ դոլար, ինչը Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալի շուրջ 40 տոկոսն է։

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներն իրենց հանդիպմանը «մանրամասնորեն» քննարկել են նաև ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը, որը Լավրովը բնորոշել է որպես «վատ էմոցիոնալ իրավիճակ»: Պատասխանելով հայաստանցի լրագրողի հարցին, Լավրովն ընդգծել է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չկա, և միջնորդներն ակտիվորեն աշխատում են։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին այլընտրանք չկա: Սրա օգտին են խոսել նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, սա նաև առկա է այն փաստաթղթերում, որոնց տակ նրանք դրել են իրենց ստորագրությունը: Եռանախագահության ձևաչափին կողմ են արտահայտվել նաև ԵԱՀԿ-ի բոլոր անդամները»,- ասել է Լավրովը, շարունակելով՝

Համանախագահները մշտապես հանդես են եկել բանակցային գործընթացն ակտիվացնելու և արագացնելու օգտին, ինչն արտահայտվել է եռակողմ փաստաթղթերում, որոնք նրանց կողմից պարբերաբար տարածվում են: Նման մի փաստաթուղթ էլ ընդունվել է օրերս՝ Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ընթացքում, որում շատ հստակ ընդգծված է հակամարտության կարգավորման շրջանակներում ուժի կիրառման, ռազմական հռետորաբանության անընդունելի լինելը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների ամբողջական կատարման անհրաժեշտությունը»:

Լավրովն ընդգծել է, որ միջնորդները, այդ թվում՝ Ռուսաստանը, քայլեր են ձեռնարկելու, որոնք թույլ կտան նախ՝ փոխել «վատ էմոցիոնալ մթնոլորտը», ապա քննարկել այն կոնկրետ առաջարկները, որոնք բանակցային սեղանին են դրվել Ռուսաստանի կողմից, և որոնց աջակցում են նաև Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան:

Ռուսաստանյան որոշ փորձագետների կարծիքով, Մոսկվան առաջիկայում հանդես կգա նոր եռակողմ հանդիպումների նախաձեռնությամբ։ Մի քանի օրից, ի դեպ, սպասվում է Ադրբեջանի արտգործնախար Էլմար Մամեդյարովի պաշտոնական այցը Մոսկվա: Նախատեսված է նրա հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ:

Այսօրվա մոսկովյան ասուլիսում Նալբանդյանը նաև ասաց, որ Սերգեյ Լավրովին «պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան»: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հրավերն ընդունել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG