Մատչելիության հղումներ

Սահմանադրական հանրաքվեի այս քվեարկությունը պետականության արտահայտումն է․ Ռայներ Մորել


«Եղել է արդար, նորմալ, շատ ժողովրդավարական հանրաքվե», - «Ազատության» հետ զրույցում ԼՂ սահմանադրական հանրաքվեն այսպես գնահատեց Հայաստանում Գերմանիայի նախկին դեսպան Ռայներ Մորելը: Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը նախկին դեսպանի հետ:

«Ազատություն»․ - Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք Ղարաբաղում տեղի ունեցած հանրաքվեն:

Մորել․ - Ինձ հրավիրել են այստեղ որպես անհատական դիտորդ: Ես դա արել եմ մեծ հաճույքով: Երեկ, երբ ճամփորդում էինք, մենք տեսանք շատ ընտրատեղամասեր: Իմ կարծիքով, դա եղել է արդար, նորմալ, շատ ժողովրդավարական հանրաքվե: Իհարկե, միշտ տեսնում ես այն, ինչ տեսնում ես տվյալ տեղում, չես տեսնում այն, ինչ տեղի է ունենում այլուր, բայց քո տեսածից շատ խորը տպավորություն ես ստանում ու կարող ես դրանից եզրակացություններ անել: Այն, որ մարդիկ ուզում են վերցնել իրենց իրավունքները իրենց ձեռքը, քվեարկելու իրավունք ունեն ու գնում են քվեարկելու, դա շատ ոգևորիչ է:

«Ազատություն»․ - Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ բոլոր միջազգային դիտորդական առաքելությունների անդամները Ադրբեջանի «սև ցուցակում» կհայտնվեն: Սա Ձեզ անհանգստացնո՞ւմ է:

Մորել․ - Դա ինձ բոլորովին չի անհանգստացնում: Կարծում եմ՝ շատ տարօրինակ է, որ նման ցուցակ գոյություն ունի: Մենք բոլորս այս աշխարհում գործում ենք որոշակի գծով, այն է՝ մենք փնտրում ենք ժողովրդավարությունը, ու երբ տեսնում ենք ժողովրդավարությունը, մենք դրանով ուրախ ենք ու աջակցում ենք այն: Կարծում եմ, որ ժողովրդավարության տարածման առումով «սև ցուցակը» օգտակար չէ:

«Ազատություն»․ - Եվ վերջին հարցը․ Ձեր կարծիքով, այս հանրաքվեն ինչպե՞ս կազդի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա:

Մորել․ - Թույլ տվեք այսպես ասեմ՝ չեմ տեսնում ուղիղ ազդակ հակամարտության լուծման վրա, բայց այն, իհարկե, ինքնին ազդեցություն ունի, եթե տեսնում եք, որ այս ազգը անում է դա, հետևում է որոշակի ժողովրդավարական կանոնների, ու դու չես կարող ժխտել դա: Այս քվեարկությունը, ու սա առաջին քվեարկությունը չէ, այս երկիրը ունեցել է նաև այլ քվեարկություններ՝ նախագահի, խորհրդարանի համար, ինչպես նաև հանրաքվեներ: Այդ ամենը պետականության արտահայտումն է ու այս պետականության արդյունավետության արտահայտումն է` դուր է գալիս դա Ձեզ, թե՝ ոչ, ճանաչում եք դուք դա, թե՝ ոչ: Ճանաչումը այլ քայլ է: Ըստ միջազգային օրենքի, պետությունը պետություն է, եթե համապատասխանում է որոշակի չափանիշների: Կարծում են, միջազգային օրենքի երեք չափանիշներ այստեղ առկա են ու թեկուզ միայն դրանով սա գոյություն ունեցող պետություն է: Ճանաչումը կլինի երկրորդ քայլը: Կարծում եմ, որ որքան շատ տեսնես պետականության այս արդյունավետությունը, դա, իհարկե, կունենա ազդեցությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG