Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երկուշաբթի առավոտյան Ֆեյսբուքում գրել է, որ դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը: Այս առիթով «Ազատությունը» զրուցել է պատգամավորի հետ: Ստորև ներկայացնում ենք զրույցից մի հատված:
«Ազատություն»․ - Քանի որ Դուք, մինչև կուսակցությունից դուրս գալու որոշում կայացնելը պարբերաբար հայտարարել եք, որ Դուք չէ, որ պետք է լքեք «Ժառանգությունը», այլ բոլոր նրանք, ովքեր շեղվել են «Ժառանգության» սկզբունքներից, ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք: Ի վերջո, Դուք «Ժառանգության» կուսակցության առանցքային ներկայացուցիչներից էիք և արդեն 10 տարի է՝ կուսակցության հետ եք:
Փոստանջյան․ - Կարծում եմ, որ ժամանակն էր, որովհետև ես սպասեցի, փորձեցի կանխել այդ որոշման առաջ մղելը, սակայն բոլոր նրանք, ովքեր այդ որոշումը կայացրեցին և գնացին այդ քայլին, իրենք հեռացան «Ժառանգությունից», հետևաբար՝ այն գաղափարախոսությունը, որը ուներ «Ժառանգությունը», նրանք դադարեցին կրել այդ արժեքային համակարգը: Այդ իսկ պատճառով ես հայտարարեցի, որ անհամատեղելի է իմ մասնակցությունը և իմ արժեքային համակարգը «Ժառանգության» հետ
«Ազատություն»․ - Միայնակ ի՞նչ էիք կարողանալու անել՝ «Ժառանգությունը» նկատի ունեմ, քանի որ հենց Ձեր կուսակիցները հակադարձում են, որ եթե «Ժառանգությունը» միայնակ գնար, ապա հինգ տեղ էր ստանալու խորհրդարանում և կրկին որևէ բան փոխելու հնարավորություն չէր լինելու, իսկ այս տարբերակով՝ Օհանյանի հետ, Օսկանյանի հետ, հնարավորություն է ստեղծվում գնալ և փորձել իշխանափոխության հասնել: Այսինքն՝ մեծամասնություն կազմել խորհրդարանում:
Փոստանջյան․ - Նախևառաջ Ձեր թվարկած դաշինքը, ես կարծում եմ, խորհրդարան նույնիսկ չի էլ մտնելու, որովհետև մեր հանրությունը ամնեզիայով չի տառապում և շատ լավ պատկերացում ունի ով ինչպիսի վարքագիծ է ունեցել 1 տարի առաջ, 10 տարի առաջ և պետք չէ խեղաթյուրել և ասել, որ տգիտությունը ուժ է՝ այդպես չէ: Հետևաբար, ասել և հիմնավորել, որ դրանով մենք կարող ենք արձանագրել առաջընթաց՝ այդպես չէ:
Երկրորդը, եթե ասում ենք, որ նույնիսկ եթե «Ժառանգությունը» մի քանի պատգամավոր ունենար Ազգային ժողովում, չէր կարող ունենալ արդյունավետ աշխատանք՝ ես դրա հետ համամիտ եմ: Բայց այն գաղափարախոսությունը, այն արժեքները, որը ուներ «Ժառանգությունը», կարող էր լինել հանրության սեփականություն: Իսկ տվյալ պարագայում հանրությունը զրկվելու է այդ սեփականությունից: Նույնիսկ ես համամիտ էի՝ մենք ընդհանրապես չմասնակցեինք, բայց պահեինք «Ժառանգության» գաղափարախոսությունը:
«Ազատություն»․ - Այսինքն, Դուք կարծում եք՝ «Ժառանգությունը» ավելի մրցունակ կլիներ, քան այս Օհանյան, Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան դաշի՞նքը:
Փոստանջյան․ - Դա իմ կարծիքը չէ, դա հանրության կարծիքն է: Ես չպետք է դրան գնահատական տամ: Նախապես պետք էր անցկացնել համապատասխան հանդիպումներ, քննարկումներ: Ես դրանք արել էի․ նախապես ամբողջ աշնան ընթացքում ես հանդիպումներ եմ ունեցել, քննարկումներ եմ անցկացրել և այս ամենի պատկերը ներկայացրել եմ նաև իմ գործընկերներին: Այսինքն, մեր հանրության ընկալումը շատ ադեկվատ էր․ իրենք շատ լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում և հենց իրենց դիրքորոշումը և մտահոգությունը հայտնում են: Հետևաբար պետք էր լսել, ոչ թե այսպիսի որոշում կայացնել այսպիսի հապճեպ և ոչ թափանցիկ պայմաններում, այլ լսել հանրությանը:
«Ազատություն»․ - Իսկ Ձեր կարծիքով ինչո՞ւ Սեյրան Օհանյանը անցավ ընդդիմադիր դաշտ: Անցած շաբաթ հրավիրած ասուլիսում նա հայտարարում էր, որ դեմ է այս իշխանություններին: Ավելին, նա վստահեցրեց, որ խորհրդարանական ընտրություններից հետո բացառվում է Հանրապետականի հետ կոալիցիա կազմելը: Ի վերջո, Ձեզ համար համոզի՞չ են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու դրդապատճառները:
Փոստանջյան․ - Ես չեմ ցանկանում հիմա քննարկել պարոն Օհանյանի դրդապատճառները: Չեմ էլ ցանկանում մերժել, որ մի օր կարող է մարդը իրոք փոխվի, որովհետև դա մարդուն բնորոշ է: Բայց, բացի այն, որ նույնիսկ վերջին սրիկան կարող է փոխվել մի օր և ցանկանալ ճիշտ վարքագիծ դրսևորել, բայց դա դեռ չի նշանակում, որ ճիշտ վարքագիծ դրսևորելով նա կարող է լինել արդարության առաջամարտիկ:
Ցանկացած մարդ, ով եղել է այս արատավոր իշխանության մասը, ով այս ավտորիտար համակարգի որոշումների կայացմանն է մասնակից եղել, իսկ մասնակիցը միայն նա չէ, ով հրաման է տալիս, այլ այն է, ով լռել է: Տվյալ անձինք, ես կարծում եմ, կարող է իրենց մեջ գտնեն իրենց մեջ ոգևորություն և ասեն՝ այսպես չի կարելի ապրել․ ես դրա հետ համամիտ եմ: Բայց որ նրանք լինել առաջատարը և առաջամարտիկը և նրանց անունով և նրանց անվան տակ մեր հանրությունը համախմբվի և գնա առաջ՝ ես դրան չեմ հավատում:
«Ազատություն»․ - Արդեն դիմումը գրե՞լ եք:
Փոստանջյան․ - Այո, հայտարարությունը ներկայացրել եմ:
«Ազատություն»․ - Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ քննարկե՞լ եք կուսակցությունից դուրս գալու որոշումը, նրա հետ հանդիպում ունեցե՞լ եք:
Փոստանջյան․ - Իհարկե, նրա հետ հանդիպում ունեցել եմ հունվարի 15-ին: Արդեն պարզ էր, և իրեն էլ ես հայտնեցի, որ եթե այսպիսի որոշում կայացվի, այն «Ժառանգությունը», որին ես անդամակցում եմ, այլևս գոյություն չի ունենա ինձ համար:
«Ազատություն»․ - Նա չփորձե՞ց Ձեզ համոզել, հետ պահել: Այսինքն՝ գիտե՞ր, որ Դուք լքելու եք կուսակցությունը, նա Ձեզ կորցնելու է:
Փոստանջյան․ - Այո, գիտեր:
«Ազատություն»․ - Եվ ի՞նչ ասաց:
Փոստանջյան․ - Կորցրեց:
«Ազատություն»․ - Առանց ափսոսանքի՞:
Փոստանջյան․ - Չգիտեմ, երևի իրեն կդիմեք, նա Ձեզ կպատասխանի: Կարծում եմ՝ այո: