Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպանը հրաժարվել է մասնակցել Բաքվի քարոզչական նախագծին


Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սիքյութա, արխիվ
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սիքյութա, արխիվ

Բաքուն քննադատում է Վաշինգտոնին՝ իր քարոզչական նախագիծը արհամարհելու համար: Ադրբեջանի իշխանություններին զայրացրել է երկրում Միացյալ Նահանգների դեսպանի բացասական պատասխանը Ջոջուք Մերջանլի գյուղ մեկնելու վերաբերյալ:

Ջոջուք Մերջանլին, հիշեցնենք, գտնվում է անցած ապրիլին ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած Լելե Թեփե բարձունքի հարակից շրջանում: Այս բնակավայրը Ադրբեջանի վերահսկողության տակ է դեռևս 1994 թվականից, սակայն պաշտոնական Բաքուն որոշեց վերականգնել և մարդկանցով բնակեցնել վերջին շաբաթների ընթացքում՝ այդ նախագիծը ներկայացնելով որպես դարակազմիկ նվաճում: Ըստ Ալիևի վարչակազմի՝ բնակավայրը այժմ ապահով ձեռքերում է, իսկ նաև բարեկեցիկ դարձնելու համար հատկացրել են մոտ 3 միլիոն դոլար:

Երեկ Ադրբեջանի իշխանությունները երկրում աշխատող դիվանագետներին հրավիրել են տեղում անձամբ ականատեսը լինելու ադրբեջանական լրատվամիջոցների առաջին էջերից անպակաս Ջոջուք Մերջանլիի շինարարական աշխատանքներին: Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններից շատերը, այդ թվում՝ ամերիկացի դեսպան Ռոբերտ Սիքյութան, մերժել են հրավերը՝ այդպիսով հարուցելով պաշտոնական բաքվի զայրույթը:

«ԱՄՆ դեսպանը երկրում է, Կարմիր Խաչի կոմիտեից պատճառաբանել են այդ քայլը նրանով, որ իրենց կանոնադրությունը թույլ չի տալիս մասնակցել նման միջոցառումների։ Ես չեմ հավատում նման կանոնադրությանը», - հայտարարել է Փախստականների և տեղահանված անձանց հարցերի պետկոմիտեի ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովը։

«Յուրաքանչյուր դիվանագետ իր երկրի քաղաքականության հետևորդն է, և քանի որ ամերիկացի դեսպանը ինչ-որ կերպ աջակցություն է հայտնում Ադրբեջանի հողերը օկուպացրած երկրին, ապա դա նշանակում է, որ նույն կերպ են վարվում նաև ԱՄՆ իշխանությունները», - ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազիլ Գազանֆարօղլուն: Ադրբեջանցի պատգամավորի կարծիքով՝ եթե Ռոբերտ Սիքյութան այդկերպ խուսափել է Երևանին նեղացնելուց և չի ցանկացել մեկնել Ջոջուք Մերջանլի, ապա նա առնվազն պետք է աջակցեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: «Միջազգային մակարդակում գոյություն ունեցող կարգի համաձայն՝ դիվանագետը պետք է հարգանքով վերաբերվի այն երկրի ինքնիշխանությանը, որում հավատարմագրված է», - հայտարարել է ադրբեջանցի պատգամավորը:

Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը, օրինակ, Գազանֆարօղլուի նախընտրած դիվանագետներից է․ նա ընդունել է ադրբեջանական իշխանության հրավերը և մեկնել Ջոջուք Մերջանլի: «Մենք այստեղ ենք պրոֆեսիոնալ նպատակով, որպեսզի տեղեկատվություն ստանանք այն մասին, թե ինչ է տեղի ունենում: Եվ մենք, իհարկե, հասել ենք այդ նպատակին», - երեկ լրագրողների հետ զրուցում հայտարարում էր ռուս դեսպանը:

Նշենք, որ Ադրբեջանի փոխվարչապետի պաշտոնական հայտարարության համաձայն՝ դիվանագետներին Ջոջուք Մերջանլի հասցնելու նպատակը բացի շինարարական աշխատանքներին ծանոթացնելուց նաև «հայերի վայրենությունների մասին մանրամասն տեղեկացնելն» էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG