Երեկվա դրությամբ՝ սահմանված ժամկետից մեկ օր առաջ, դեռ ոչ մի կուսակցություն, կուսակցությունների դաշինք գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) չէր ներկայացրել։
Մասնագետները հայտ ներկայացնելու ձգձգումը պայմանավորում են ընտրական ցուցակներում պատգամավորների թեկնածուների անունների հաջորդականության հարցում անհամաձայնությունների հետ։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում այս ինտրիգը որոշել են ձգել մինչև վերջին վայրկյանը: «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը երեկ «Ազատության» հետ զրույցում կրկին խաղաքարտերը չբացեց, միայն նշեց, որ ցուցակում հանրության կողմից ընկալելի անձինք են լինելու, և որ բավականին լուրջ ու մրցունակ ցուցակ է լինելու։
«Ստեղծեցինք մի դաշինք, որը շատ սոլիդ դաշինք ստեղծվեց, և բավականին ուժեղ թիմ է հավաքված, հանրության կողմից ընկալելի անձինք են լինելու ցուցակում, և մեր ցուցակը լուրջ, մրցունակ ցուցակ է լինելու։ Այնպես, որ այդ բոլոր գնահատականները, որ ինչ-որ մեկը գնաց` ցուցակը թուլացավ, երբեմն լինում է նաև հակառակը՝ երբ որ մեկի գնալով ուժեղանում է», - ասաց Մարգարյանը։
Հարցին, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դերակատարում ունենալո՞ւ է ներկայացվելիք ցուցակում, «Համախմբման» փոխնախագահը պատասխանեց. - «Զարմանալին այն է, որ Սամվել Բաբայանի պաշտոնական հայտարարությունները չեն հիշում, հայտարարում են ինչ-որ կուլիսային բաների մասին <...>։ Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ ինքը ցուցակ չի մտնում, ինքը կուսակցություն չի մտնում, ինքը կհայտարարի իր նախասիրությունը, թե որ ուժին կստարի ինքը, եթե նա կհայտարարի, որ մեզ է սատարում, ես դրանից միայն գոհ կլինեմ, մենք բոլորս գոհ կլինենք, և դա պատիվ կլինի։ Ինքը, կարծում եմ, շուտով կհայտարարի, երբ որ ցուցակները լինեն կամ դաշինքները վերջնականապես՝ ովքեր են մասնակցում քաղաքական ուժերը հայտնի կդառնա, ինքը կհայտարարի, ես ենթադրում եմ, թե ում է սատարում ինքը: Այնպես որ, Սամվել Բաբայանի թեման, կարծում եմ, որ այն, ինչ ասվում է, մեծ մասն իրականության հետ կապ չունի, ինքը եթե մեզ կօգնի, ակնկալում եմ, որ նա մեզ կօգնի այս ժամանակաշրջանում։ Նա ցուցակում համենայն դեպս չի լինի, ինքն է հայտարարել, ինքն է այդպես ուզել»։
Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Վարդան Օսկանյանը նախընտրական դաշինք կազմելու մասին համաձայնագիրը ստորագրեցին երկուշաբթի օրը՝ փետրվարի 13-ին, հայտարարելով, որ երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար իշխանափոխություն է անհրաժեշտ:
Հարցին, թե ժամանակին իշխանության մեջ եղած ֆիգուրները, իշխանությանը սերտաճած ֆիգուրները կարո՞ղ են այսօր գնալ իշխանափոխության, Մարգարյանը պատասխանեց. - «Ես վստահ եմ, որ այո, որովհետև նախ իշխանության մեջ լինելը, եթե դու այնպիսին չես, ինչպես ընդունված է ասել, որ այս մեկը վատ է աշխատում, թալանել է կամ փչացրել է, կամ, չգիտեմ, Հայաստանի իմիջին խփել է, բնականաբար, նաև իշխանության մեջ լինելը կառավարման լուրջ փորձ է։ Մենք ունենք երկու նախկին արտգործնախարար՝ Վարդան Օսկանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, նախկին պաշտպանության նախարար, ոչ միայն Հայաստանում, այլև Լեռնային Ղարաբաղում կառավարման համակարգում բավականին մեծ ավանդ ունեցող անձինք: Եթե որևէ պաշտոնյա ունենում է անհամաձայնություն այս կամ այն երևույթի նկատմամբ, բնականաբար՝ նրա հայտնվելու լավագույն տեղը, երբ որ ինքը դեռևս պաշտոնյա է, նախարար է կամ բարձր այլ պաշտոն է զբաղեցնում, դա Ազատություն հրապարակ իջնելն ու միտինգ անելը չի սկզբնական շրջանում, ինքը ունի դրանք հայտնելու տեղ, անհամաձայնությունը քննարկելու, երբ որ տևական ժամանակ դրանք չեն լուծվում, անշուշտ, ինքը կա՛մ դրան համակերպվում է, կա՛մ հրաժարական է տալիս: Այնպես որ, իշխանության մեջ լինելը դեռևս չի նշանակում համաձայնվել բոլոր բացասական երևույթներին, որոնք առկա են»։