Ընդդիմախոսները վաղուց էին զգուշացնում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը, փաստորեն, մեկ ամիս էլ չպաշտոնավարեց: Թրամփի ընդդիմախոսները նրան դեռ մինչև երդմնակալությունն էին քննադատում՝ ռուսների հետ սերտ կապեր հաստատած Ֆլինին այդ պաշտոնը վստահելու համար:
Նախագահի ազգային հարցերով խորհրդականի պաշտոնակատար է նշանակվել պաշտոնաթող մեկ այլ գեներալ՝ Քեյթ Քելլոգը, ով այդ պաշտոնին հավակնող երեք թեկնածուներից մեկն է․ եռյակում են նաև Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Դեյվիդ Փեթրեուսը և փոխծովակալ Ռոբերթ Հարվարդը:
Ֆլինը նախընտրական ամիսներին իր հավատարմությունն է դրսևորել Թրամփի հանդեպ, հետևողականորեն և շատ խիստ քննադատել է նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունն ու դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին:
Մինչդեռ, նորինտիր նախագահի խորհրդականների, ինչպես նաև՝ Վաշինգտոնի փորձագետների շրջանում առաջին իսկ օրերից մտահոգությամբ են խոսել Ֆլինի նշանակման մասին, ասելով, որ նրա «ռուսական կապերը» կարող են վնաս հասցնել Սպիտակ տանը և ընդհանրապես՝ ամբողջ երկրին:
Ճակատագրական հեռախոսազրույց
Ո՞րն էր Ֆլինի մեղքը: Պարզվում է, անցյալ տարվա դեկտեմբերի 29-ին նա մի քանի անգամ հեռախոսով զրուցել է Ամերիկայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Հենց այդ օրն էլ Օբաման Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու և Ռուսաստանում ամերիկացի դիվանագետներին հետապնդելու համար:
Ֆլինը նորընտիր փոխնախագահ Մայք Փենսին հավաստիացրել է, թե Կիսլյակի հետ զրույցներում քննարկվել են ընդհանուր թեմաներ և պատժամիջոցների չեղարկումը չի արծարծվել: Դա էր Ֆլինի կոպիտ սխալը: Reuters-ի փոխանցմամբ, արդարադատության նախարարությունը երեկ Սպիտակ տանը նախազգուշացրել է, որ Ֆլինը հայտնվել է երկիմաստ վիճակում, քանի որ զրույցների մասին նրա հրապարակավ հայտնած տեղեկությունը հակասում է հետախուզական մարմինների հայթայթած տվյալներին:
Օտարերկրացի դիվանագետների զրույցները հսկող պատկան ծառայությունները ներկայացրել են անհերքելի ապացուցներ առ այն, որ Ֆլինը և Կիսլյակը խոսել են պատժամիջոցները չեղարկելու հնարավորության մասին, ինչն ինքնին ապօրինի է, քանի որ մասնավոր անձը չունի արտաքին քաղաքականություն վարելու իրավունք, իսկ զրույցների ժամանակ Ֆլինը որևէ պաշտոն չուներ:
«Ֆլինի հրաժարականը՝ հարված ռուս-ամերիկյան կապերին»
Հիմա ռուսները խիստ դժգոհ են, ՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ «Ֆլինին հրաժարականի հասցնելու թիրախը՝ ռուս-ամերիկյան հարաբերություններն են, դա այդ ներկայացման առաջին մասն էր, իսկ նոր թիրախը հենց Թրամփը կլինի»:
ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչևն էլ «ֆեյսբուք»-ում գրել է, թե ազգային անվտանգության հարցերով խորհրդականին Ռուսաստանի հետ շփումների համար պաշտոնանկ անելը ոչ թե մոլագարություն է, այլ «ինչ-որ անհամեմատ ավելի վտանգավոր բան»:
«Կամ Թրամփը ինքնուրույնություն չի ապահվել և նրան անկյուն են մղել, կամ էլ ռուսատյացությունն արդեն վարակել է նոր ադմինիստրացիան՝ վերից վար»,- գրել է Կոսաչևը:
Պեսկով. «Դա մեր գործը չէ»
Պաշտոնական Մոսկվան հայտարարում է, որ Ֆլինի հրաժարականը Միացյալ Նահանգների ներքին գործն է: Նախագահ Վլադիմի Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ֆլինի և Կիսլյակի զրույցում անդրադարձ պատժամիջոցներին չի եղել:
«Մենք որևէ կերպ դա չենք մեկնաբանելու, դա ամերիկացիների ներքին գործն է, Թրամփի վարչակազմի ներքին գործը, մեր գործը չէ, ինչ վերաբերում է ընդհանրապես այդ թեմային, ապա մենք բազմիցս արտահայտվել ենք և ավելացնելու բան չունենք»,- ասել է Պեսկովը:
Դեմոկրատներն անկախ հետաքննություն են պահանջում
Սկանդալը կարող է շարունակվել, քանի որ, դեմոկրատները ենթադրում են, որ Ֆլինը դժվար թե առանց վերադասի՝ նախագահ Թրամփի հավանության, ինքնագլուխ համարձակվեր կապ հաստատել Ռուսաստանի դեսպանի հետ և քննարկեր նոր վարչակարգի օրոք պատժամիջոցները չեղյալ հայտարարելու հետ կապված հարցեր:
Դեմոկարտները պահանջում են անկախ հետաքննություն: Այդ մասին ասել է Սենատում դեմոկրատների ղեկավար Չարլզ Շումերը:
«Կոնգրեսը պարտավոր է պատժել մեղավորներին»
Դեմոկրատ կոնգրեսական, Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի բարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելն էլ՝ ողջունելով Ֆլինի հրաժարականը, հայտարարել է, թե Ռուսաստանի հետ ադմինիստրացիայի կապի վերաբերյալ մնում են շատ հարցականներ:
«Պուտինը փորձել է նպաստել Թրամփի ընտրությանը, ուստի՝ մեզ անհրաժեշտ է երկու կուսակցույունների համատեղ ջանքերով մանրամասն հետաքննություն՝ մեր ընտրություններին ռուսների միջամտության մասին պատկեր կազմելու համար, և Կոնգրեսը պարտավոր է պատժել մեղավորներին»,- հայտարարել է Էնգելը: