Մատչելիության հղումներ

Պաշտպանության և առողջապահության նախարարներն այցելել են Գեղարքունիքի և Տավուշի մարզեր


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փետրվարի 13-ին աշխատանքային այցով եղել է Գեղարքունիքի և Տավուշի մարզերում:

Ըստ ՊՆ հաղորդագրության, շրջայցին մասնակցել են առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ ու զինվորականներ:

Այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից, որտեղ շրջելով ու տեղում ծանոթանալով կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի պայմաններին, պաշտպանության ու առողջապահության նախարարները քննարկել են բուժհաստատությունների միավորմանն առնչվող հարցեր, կարևորել քաղաքացու ու զինծառայողի համար բուժման լավագույն պայմանների ապահովումը:

Այնուհետև Վիգեն Սարգսյանը եղել է հայ-ադրբեջանական պետական սահմանի արևելյան հատվածի մարտական հենակետերից մեկում: Շրջելով խրամուղիներով` նախարարը տեղում ծանոթացել է մարտական հերթապահության կրման պայմաններին, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, ինժեներական կառույցների հուսալիությանը, ինչպես նաև խրախուսել դիրքապահ մի քանի զինծառայողների:

Շրջայցի հաջորդ կանգառը Գեղարքունիքի մարզի Վահան համայնքում էր: Պաշտպանության և առողջապահության նախարարները, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանդիպել են մարզի ղեկավարության, սահմանամերձ համայնքի բնակիչների հետ:

Վիգեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը մշտապես գտնվում են պաշտպանության նախարարության ուշադրության կենտրոնում:

Լսելով բնակիչների խնդիրները՝ պաշտպանության նախարարն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ընդգծել են, որ սահմանամերձ գյուղացու պաշտպանությունը հուսալի ձեռքերում է, և առաջապահ հենակետերում արվում է ամեն ինչ՝ բնակչության անվտանգությունն առավել ապահով դարձնելու համար:

Շրջայցի շրջանակում պատվիրակությունը եղել է նաև 3-րդ բանակային զորամիավորման զինավաններից մեկում, որտեղ ընթացող շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին: Զորամիավորման զորամասերից մեկի անձնակազմն առաջիկայում ծառայությունը կշարունակի նոր ու հարմարավետ պայմաններում: Նորակառույց զինավանում Վիգեն Սարգսյանը ծանոթացել է կատարված ու ընթացիկ աշխատանքներին, ունկնդրել 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումների հրամանատարների զեկույցները:

Մեկօրյա այցը եզրափակվել է Բերդում: Պաշտպանության և առողջապահության նախարարները ծանոթացել են զինվորական հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, քննարկել են բժշկական հաստատությունների միավորմանն առնչվող հարցեր:

Լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում պաշտպանության ու առողջապահության նախարարներն ամփոփել են այցը, ընդգծել խնդրահարույց հարցերին տեղում ծանոթանալու և համատեղ քննարկելու կարևորությունն ու արդյունավետությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG