Մատչելիության հղումներ

Պավել Մանուկյանի բողոքը հերթական անգամ մերժվեց


Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքում: 23-ը հուլիսի, 2016 թ․
Պավել Մանուկյանը ՊՊԾ գնդի տարածքում: 23-ը հուլիսի, 2016 թ․

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հերթական անգամ մերժեց «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Պավել Մանուկյանի բողոքը՝ գրավի դիմաց ազատ արձակել նրան։

Մանուկյանն ու նրա փաստաբանները բողոքարկում էին կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Դատապարտյալների հիվանդանոցում արդեն յոթ ամիս պահվող զինված խմբի անդամը հրաժարվել էր գալ դատարան, փաստաբան Հրանտ Գևորգյանի փոխանցմամբ՝ անիմաստ համարելով մասնակցել մի գործընթացի, որի արդյունքը կանխորոշված է։

Հրանտ Գևորգյանն ասաց, որ վերաքննիչ դատարանը, ինչպես և նախորդ բողոքների դեպքում, մերժումը հիմնավորեց ընդհանուր ձևակերպումներով․ - «Պատճառաբանությունները․ այն հոդվածները, որոնցով է մեղադրանք է առաջադրվել, դրանք ծանր սանկցիա ունեն: Երկրորդը, իբր կխուսափեն, կդիմեն փախուստի և կխոչընդոտեն դատական նիստերին, նախաքննությանը և այլն»:

Փաստաբանը պնդում է, թե քննիչը որևէ ապացույց չներկայացրեց, թե հրազենային վիրավորում ստացած Մանուկյանը ինչպես կարող է թաքնվել նախաքննությունից կամ խոչընդոտել իրավապահների աշխատանքը․ - «Պավել Մանուկյանը, նախ, խոչընդոտելու հնարավորություն չունի, որովհետև նա ծանր վիրավոր է: Նա շարժվելու հնարավորություն չունի: Եվ երկրորդը, ում միջոցով որ պետք է խոչընդոտի, նրանց նախաքննությունն արդեն ավարտված է, հարցաքննվել են բոլորը: Հարցաքննված անձանց նկատմամբ այլևս ի՞նչ ճնշում»:

Պավել Մանուկյանը մեղադրվում է մի շարք ծանր հոդվածներով՝ 2015-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, զինամթերք կրելու, շենք, շինություններ գրավելու, պատանդ վերցնելու մեջ։ Հիշեցնենք, որ այդ օրերին երեք ոստիկան զոհվեց։

Վերաքննիչ դատարանն այսօր մերժեք նաև «Սասնա ծռերի» մեկ այլ անդամի՝ Արայիկ Խանդոյանի, և «Հիմնադիր Խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի գործով մեղադրյալ Ներսես Պողոսյանի բողոքները։

Նրանց պաշտպան Արայիկ Պապիկյանը դատարանից պահանջում էր գրավի դիմաց ազատ արձակել նրանց․ - «Հետաքրքիր է, որ և՛ Արայիկ Խանդոյանի դեպքում, և՛ Ներսես Պողոսյանի դեպքում փաստացի ավարտվել է նախաքննությունը, գործի նյութերը տրամադրված են պաշտպաններին՝ ծանոթանալու համար: Ներսես Պողոսյանի դեպքում դատարանն ուղղակի Հռոմի պապից ավելի կաթոլիկ գտնվեց: Նշել էր, որ, մնալով ազատության մեջ, գործով անցնող և հետախուզվող այլ մեղադրյալների վրա ազդեցություն կգործադրի: Ծիծաղելի է, որովհետև գործով անցնող հետախուզվող մարդ չկա»:

Փաստաբանները պատրաստվում են վերաքննիչ ատյանի որոշումները բողոքարկել վճռաբեկ դատարանում:

XS
SM
MD
LG