Մատչելիության հղումներ

Դալլաքյանը բացատրում է «Օհանյան-Օսկանյան-Հովհաննիսյան» դաշինքի հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառները


Վիկտոր Դալլաքյան, արխիվ
Վիկտոր Դալլաքյան, արխիվ

Նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը հայտարարում է, թե այդ դաշինքի նախընտրական ցուցակի հետևում կանգնած է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը:

Համագործակցության այդ ձևաչափը լքած՝ «Երրորդ հանրապետություն» կուսակցության առաջնորդ Դալլաքյանի խոսքով, Բաբայանն անձամբ է իր հետ բանակցություններ վարել՝ փետրվարի 6-ին ցուցակով այցելելով իրենց կուսակցության գրասենյակ:

«Եվ փորձել է այդ ցուցակը դարձնել քննարկման առարկա: Եթե մարդն անընդհատ հայտարարում է, որ ինքը հրապարակային որևէ գործունեություն չի ծավալում, քաղաքական բնույթի, բայց այցելում է կուսակցության գրասենյակ․․․: Ընդ որում՝ ինձ այցելելուց հետո այցելել է նաև դեմոկրատական կուսակցության գրասենյակ և հանդես է եկել նմանատիպ առաջարկությամբ: Ես մերժել եմ Սամվել Բաբայանի առաջարկությունները»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վիկտոր Դալլաքյանը:

Ըստ նրա, Սամվել Բաբայանի ցուցակի առաջին 10 համարներում եղել են միայն Վարդան Օսկանյանի «Համախմբում» և Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգություն» կուսակցության անդամներ, ցուցակն էլ գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Ինքը՝ Դալլաքյանը հայտնվել է 11-րդ տեղում: Այժմ վերջինս պնդում է, թե եղել են ստվերային պայմանավորվածություններ՝ առանց իր մասնակցության:

Դաշինքն առաջնորդող Սեյրան Օհանյանն այսօր հակադարձելով Վիկտոր Դալլաքյանին, չհերքեց, որ Սամվել Բաբայանի հետ շփվում են, «բայց ցուցակի հետ նա կապ չունի»: «Սամվել Բաբայանի հետ մենք ունենք մտերիմ հարաբերություններ, բայց այն, որ ասվում է, որ նա մեծ դերակատարություն ունի մեր համատեղ գործունեության մեջ, այդպես չէ»,- ասաց Օհանյանը: Իսկ Վարդան Օսկանյանը հրաժարվեց մեկնաբանել Սամվել Բաբայանի մասնակցության շուրջ այս խոսակցությունը:

«Պատճառներից մեկը, այդ համագործակցությունը դադարեցնելու, նաև դա է: Որովհետև Բաբայանը ներկայացնում է «Համախմբումը» և լոբբինգ է անում «Համախմբման» համար: Ուրեմն ովքեր են ընդգրկված՝ Օհանյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան («Համախմբում»), Էլինար Վարդանյան («Համախմբում»), Անդրանիկ Թևանյան («Համախմբում»), Վահե Հովհաննիսյան («Համախմբում»), Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգությունից»»,- թվարկեց Վիկտոր Դալլաքյանը:

Նա նաև հայտարարեց, որ այս ընթացքում կազմակերպել է Գագիկ Ծառուկյան-Սեյրան Օհանյան մի քանի հանդիպում, բայց «անարդյունք»: «Գագիկ Ծառուկյանի հետ իմ հանդիպումների ընթացքում ես նրա մոտ նկատել եմ ցանկություն՝ համագործակցել Սեյրան Օհանյանի շուրջ համախմբված որոշակի կուսակցությունների հետ, բայց կոնկրետ, պարոն Ծառուկյանինին ներկայացրել են անիրականանալի առաջարկություններ, նաև որոշակի ամբիցիոզ առաջարկություններ: Նման պայմաններում պարոն Ծառուկյանի կողմից համապատասխան ընկալում տեղի չի ունեցել»,- ասաց «Երրորդ հանրապետություն» կուսակցության ղեկավարը:

Վիկտոր Դալլաքյանը դեռ որոշում չունի՝ մասնակցե՞լ թե ոչ առաջիկա ընտրություններին: Ամիսներ առաջ նա դուրս եկավ իշխող Հանրապետական կուսակցությունից, հրաժարական տվեց նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցչի պաշտոններից՝ հայտարարելով, թե իշխանության հետ համագործակցության վերջին չորս տարիների ընթացքում ինքը «քարեր էր հավաքում», հիմա արդեն «եկել է քարերը նետելու ժամանակը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG