Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին՝ Թուրքմենստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սարգսյանը մաղթել է Բերդիմուհամեդովին քաջառողջություն, հաջողություններ և բարօրություն, իսկ բարեկամ Թուրքմենստանին՝ խաղաղություն և բարգավաճում: «Նշելով վերջին տարիներին Թուրքմենստանում պետականաշինության, սոցիալ-տնտեսական ոլորտներում, ինչպես նաև միջազգային ասպարեզում երկրի արձանագրած հաջողությունները՝ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ ամենն ապահովել է նախագահ Բերդիմուհամեդովին համազգային աջակցություն և վստահություն», - ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի նախագահը, ըստ պաշտոնական հաղորդագրության, «բարձր է գնահատել Թուրքմենստանի նախագահի անփոփոխ ուշադրությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթների վրա հիմնված հայ-թուրքմենական համագործակցության հետագա խորացման հարցերի նկատմամբ և համոզվածություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ փոխգործակցությունը հետագայում ևս կհարստանա նոր մասշտաբային ծրագրերով»: