Մատչելիության հղումներ

Օհանյանը, Հովհաննիսյանը, Օսկանյանը ընտրություններին կմասնակցեն դաշինքով


Պաշտպանության և արտաքին գործերի նախկին նախարարները վաղը հուշագիր են ստորագրելու:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը և նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանը առաջիկա ընտրություններին մասնակցելու են միասնական ցուցակով:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը «Ազատության»-ը փոխանցեց, որ ոչ թե իրենք են միանում որևէ դաշինքի, այլ, մտահոգված լինելով երկրում ստեղծված վիճակով, երեք պետական գործիչներ միասնական պլատֆորմ են ստեղծում:

Պաշտպանության և արտաքին գործերի նախկին նախարարները վաղը հուշագիր են ստորագրելու:

«Համախմբում» կուսակցության խոսնակ Արեգնազ Մանուկյանը «Ազատության»-ը հայտնեց, որ վաղը ձևավորվելիք դաշինքի պաշտոնական անվանումն է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան»։

Հիշեցնենք, Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ դաշինք կազմելուն դեմ էր կուսակցության առանցքային անուններից Զարուհի Փոստանջյանը, ով հայտարարել էր, որ կհամաձայնվի ընդգրկվել նախընտրական ցուցակում միայն այն դեպքում, եթե «Ժառանգություն»-ն ընտրություններին մասնակցի միայնակ` սեփական ցուցակով: Կուսակցության վարչության այսօրվա նիստին նա չի մասնակցել:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի շուրջ ավելի վաղ դաշինք էին ձևավորել Վարդան Օսկանյանի «Համախմբում» և Վիկտոր Դալլաքյանի «3-րդ Հանրապետւթյուն» կուսակցությունները: Վերջինս, սակայն, ըստ մամուլի, մտադիր է լքել համագործակցության այս ձևաչափը:

Նախօրեին էլ դաշինքից հեռացել էր Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը` հայտարարելով առաջացած սկզբունքային տարաձայնությունների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG