Թուրքմենստանում այսօր նախագահական ընտրություններ են։ Նախագահի պաշտոնում ինը թեկնածու է առաջադրված։
Սա 2016 թվականի Սահմանադրության փոփոխությունից հետո երկրում նախագահական առաջին ընտրությունն է։ Ըստ նոր Սահմանադրության, ընտրված նախագահը կղեկավարի ոչ թե 5 այլ 7 տարի։
Ենթադրվում է, որ գործող ավտորիտար նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովը կվերընտրվի և, ըստ փոխված Սահմանադրության, ևս յոթ տարով կերկարաձգի իր իշխանությունը էներգակիրներով հարուստ Կասպյան տարածաշրջանի այդ երկրում:
Ակնկալվում է, որ նա հեշտությամբ կհաղթի մյուս ութ թեկնածուներին, որոնց մասնակցությունը ընտրություններին պայքարի տեսք տալու ցուցադրություն է ընկալվում:
«Մարշալ» հիմնադրամի եվրասիական հարցերով փորձագետ Միխալ Ռոմանովսկին «Ազատության»-ը ասել է, որ Թուրքմենստանում 25 տարվա ընթացքում անցկացված բոլոր ընտրությունները կեղծված են, երկրում չկա իրական ընդդիմություն, հասարակությունը ճնշված է, անկախ մամուլ գործնականում գոյություն չունի:
Հիշեցնենք, նախորդ ընտրություններում Բերդիմուխամեդովը հաղթել էր՝ ստանալով ձայների 97 տոկոսը: