Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը պնդում է, թե Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշումը նրա անձնականն է, Սերժ Սարգսյանի հետ համաձայնեցված չէ:
«Սերժ Սարգսյանը և Հանրապետական կուսակցությունը որևէ մեկին չի հեռացնում քաղաքականությունից, այլ պարզապես տալիս է երևույթին գնահատականներ: Իսկ այժմ այն, ինչ կատարվել է, և քաղաքական դաշտում [Ծառուկյանի] ակտիվությունը, դա իր որոշման խնդիրն է եղել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բաղդասարյանը:
Միևնույն ժամանակ, նա նկատում է, որ իրավիճակի փոփոխության դեպքում Հանրապետականը կտա իր գնահատականը․ - «Այժմ սահմանադրական ճանապարհով իր սահմանադրական իրավունքն է իրականացնում քաղաքացին, որը գալիս է ընտրությունների մասնակցելու: Եվ ընտրական ճանապարհով ցանկություն ունեն գտնել իրենց տեղը քաղաքական դաշտում: Նախկինում խնդիրը լրիվ այլ էր՝ հեղափոխական կոչեր, փողոցում հեղափոխություն անել, իշխանափոխություն անել, արտահերթ ընտրություններ, որը, բնականաբար, միտված էր ներքաղաքական իրավիճակը և անդորրը խախտելու համար: Սրանք էապես տարբեր երևույթներ են, և գնահատականները տրվել են երևույթներին: Ընտրություններից հետո, եթե զարգացումները կլինեն այլ ուղղությամբ, մենք նորից կտանք մեր գնահատականները»:
Սերժ Սարգսյան - Գագիկ Ծառուկյան առճակատումը երկու տարի առաջ հասավ անձնական վիրավորանքների: Այդ օրերին իշխանափոխություն պարտադրելուց խոսող Ծառուկյանին Սարգսյանն «չարիք», «կեղծ քաղաքական երևույթ» համարեց, խոսեց քաղաքական դաշտը մաքրելու անհրաժեշտության մասին: Ասաց՝ ինքն է արգելել հոլովել ժողովրդի կողմից դակված նրա մականունը: Բայցև հստակեցրեց՝ որպես Հայաստանի քաղաքացի և գործարար, նրա հետ կապված որևէ խնդիր չի տեսնում:
Իշխանության որոշ ներկայացուցիչներ ևս նախագահի այդ ելույթից հետո վիրավորական պիտակավորումներ հնչեցրին կոալիցիոն նախկին գործընկերոջ հասցեին: Քաղաքականությունից հեռանալու մասին Ծառուկյանի հայտարարությունից երեք ամիս էլ չանցավ, նա Սերժ Սարգսյանի հետ մասնակցեց «Հայաստան» կինոթատրոնի բացմանը:
Լրագրողներից մեկը Վահրամ Բաղդասարյանից այսօր հետաքրքրվեց՝ այժմ Հանրապետականին թույլատրվա՞ծ է Ծառուկյանին մականունով դիմել: «Գագիկ Ծառուկյանը եղել է իմ ընկերը, մնում է իմ ընկերը: Ես որևէ մեկին իմ ընկերներից նման որակումներ չեմ տալիս»:
Երկու տարի առաջ իշխանափոխության հարցով Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան»-ի հետ համագործակցած Հայ ազգային կոնգրեսն այսօր նախընտրում է ենթադրություններ չանել, թե արդյոք Սերժ Սարգսյանի համաձայնությամբ է քաղաքականություն վերադարձել Ծառուկյանը:
«Չեմ ցանկանում շահարկել, չեմ ցանկանում ենթադրություններ անել: Մեր ժողովուրդը շատ լավ զգացողություն ունի և այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն ինքը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Առաջիկա ընտրությունների գլխավոր ինտրիգը Լևոն Զուրաբյանի ձևակերպմամբ․ - «Փողը և արդարությունը պատերազմելու են»:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, հինգերորդ օրն է որևէ կուսակցություն, կուսակցությունների դաշինք գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր իրենց չի ներկայացրել:
Մասնավորապես, իշխանական Հանրապետականն ու Դաշնակցությունը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում այսօր չբացահատեցին, թե ով է գլխավորելու իրենց ընտրական ցուցակները:
«Բավականին համբերել եք, մի երկու օր էլ համբերեք: Շատ եք շտապում», - ասաց Վահրամ Բաղդասարյանը:
«Ցուցակը չեմ կարող հրապարակել, որովհետև ես ինքս էլ չգիտեմ: Մինչև որոշումը որևէ բան որևէ մեկը իրավունք չունի հայտարարի: Գերագույն մարմինը դա պետք է որոշի», - իր հերթին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ի դեպ, Բնապահպանության դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը այսօր խոսել է նաև ընտրություններից հետո ՀՀԿ-ի հետ համագործակցությունը շարունակելու մասին․ - «Ինչպես որ ժամանակին բարձրաձայնել ենք, որ մեր կոալիցիոն կամ համագործակցության հուշագիրը կարճաժամկետ չէ, այն չի ենթադրում մեկ ինչ-որ փուլում աշխատանք, մենք ընտրություններից հետո, եթե հաջողությունը լինի, արձանագրվի, կշարունակենք մեր համագործակցությունը մեր ծրագրերի իրականացման շուրջ»: