Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան օդուժի ռմբակոծության հետևանքով թուրք զինծառայողներ են զոհվել


Հյուսիսային Սիրիայում Ռուսաստանի օդուժի իրականացրած ռմբակոծության հետևանքով զոհվել է 3 թուրք զինծառայող, վիրավորվել է ևս 11-ը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Կրեմլի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրությունում նշվում է, որ Ալ-Բաբ քաղաքի մերձակայքում տեղի ունեցած «ողբերգական միջադեպի կապակցությամբ» Պուտինը զանգահարել է Թուրքիայի իր գործընկերոջը: Երկու առաջնորդները «պայմանավորվել են ուժեղացնել կոորդինացիան Սիրիայում ԻՊ և այլ ծայրահեղական կազմակերպությունների դեմ տարվող ռազմական գործողությունների գծով», - ասված է Կրեմլի կայքում:

Թուրքիայի զինված ուժերի տարածած հաղորդագրությունում ասված է, որ ռուսաստանյան ինքնաթիռը «պատահաբար» հարվածել է մի շինության, որտեղ գտնվել են թուրք զինծառայողներ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Սիրիայում ռազմական գործողությունների կոորդինացիան ավելացնելու նպատակով երկու երկրները պայմանավորվել են տեղեկատվության փոխանակման մասին:

Ռուսաստանը աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին հավատարիմ զորքերին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» և այլ զինված խմբերի դեմ, որոնք ցանկանում են իշխանությունից հեռացնել Ասադին:

Թուրքիան ևս ռազմական գործողություններ է մղում Սիրիայում, պայքարելով իսլամիստ ծայրահեղականների դեմ, սակայն միաժամանակ աջակցում է չափավոր ընդդիմադիր խմբավորումներին, որոնք փորձում են իշխանափոխություն իրականացնել Սիրիայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG