Նույն հարցազրույցում անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է՝ բանակցություններին մասնակցում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, «իսկ Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները հետաքրքրված կողմեր են»:
Համառոտ ներկայացնելով Մինսկի խմբի ստեղծման և գործունեության պատմությունը, Մամեդյարովն ամփոփել է՝ 20 տարի անց էլ հակամարտությունը մնացել է չկարգավորված: «Բոլորը հասկանում են, որ այսօր գոյություն ունեցող ստատուս քվոն ոչ մեկին չի բավարաում, բացի, թերևս, հայկական կողմից: Մենք, իհարկե, գոհ չենք, որ 20 տարվա ընթացքում օկուպացված տարածքները, ցավոք, ազատագրվում են միայն ռազմական ուժով»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը, հավելելով, որ Ջեբրայիլի շրջանում ազատվել է Ջոջուղ Մերջանլի գյուղը, և այնտեղի բնակիչներն արդեն վերադառնում են (խոսքն ապրիլյան պատերազմում հայկական կողմի կորցրած դիրքերից մեկի՝ Լելե Թեփե բարձունքի տակ գտնող գյուղի մասին է):
Խոսելով բանակցային գործընթացում առաջընթացի հնարավորության մասին, Մամեդյարովն ասել է՝ «Մենք բազմիցս նշել ենք, որ անհրաժեշտ է սեղանը մաքրել խնդիրներից: Ամենամեծ խնդիրը՝ դա հայկական զինված ուժերի առկայությունն է Ադրբեջանի տարածքում: Առաջին հերթին զինվորները պետք է վերադառնան զորանոցներ, և դա ահռելի հնարավորություններ կբացի»:
Ադրբեջանի արտգործնախախարը նաև հայտարարել է, թե իրենք կողմ են Մոսկվայում Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը: «Անցած ամիս ես Մոսկվայում էի, և մենք Լավրովի հետ քննարկում էինք այդ պլանը: Մինչ այդ, ինչպես գիտեք, նախագահներն են հանդիպել Սանկտ Պետերբուրգում: Բոլորը հրաշալի գիտեն, թե դա ինչ պլան է և մենք ինչպես պետք է շարժվենք: Ամեն ինչ գրված է: Քաղաքական կամք է պետք, որը պետք է ցուցաբերի հայկական կողմը,»- ասել է Մամեդյարովը: