«Հետ կանչել Բելառուսում Հայաստանի դեսպանին», «փակել Հայաստանում այդ երկրի դեսպանատունն ու սառեցնել դիվանագիտական հարաբերությունները Մինսկի հետ»:
Բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր այս պահանջներն էին հնչեցնում Բելառուսի դեսպանատան առջև։ Լեռնային Ղարաբաղի դրոշների ծածանումներով ու բողոքի վանկարկումներով ուղեկցվող ակցիան, որի նախաձեռնողը «Ելք» դաշինքն էր, տևեց մոտ 30 րոպե։
Կոտայքի մարզի Առինջ գյուղի ծայրամասում գտնվող՝ Բելառուսի դեսպանատունը հսկվում էր բազմաթիվ ոստիկանների կողմից։ Ակցիան ավարտվեց առանց միջադեպերի։ Ցուցարարներին, այդուհանդերձ, չհաջողվեց հանդիպել դեսպանի հետ՝ Իգոր Նազարուկը տեղում չէր։ Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դեսպանատան աշխատակցին հասկանալի [ռուսերեն] լեզվով փոխանցեց քաղաքացիների պահանջը։
Բելառուսի դեսպանատան առջև բողոքի ակցիա իրականացնող ընդդիմադիրներն ու ակտիվիստները հայաստանյան իշխանություններից հատկապես պահանջում էին կոշտացնել Բելառուսի հանդեպ քաղաքականությունն ու Մինսկից հետ կանչել Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանին։ «Արցախ այցելած ու նրա առօրյան նկարագրող բլոգերին կալանավորելով, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը միջազգային լրատվամիջոցներից մեկուսացնելու նախադեպ է ստեղծում»,- հայտարարեց պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Ելք» դաշինքի ներկայացուցիչները ակցիայի մասնակիցներին կոչ արեցին՝ չբավարարվել միայն դեսպանատան առջև բողոքի ցույց անելով։ Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի՝ 40-ամյա Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնումը, ըստ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի, ի ցույց է դնում նաև Ռուսաստանի անզորությունը․ երկիր, որին Հայաստանն իր անվտանգության երաշխավորն է համարում։