Շվեդիայի Թագավորության խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Քեննեթ Ֆորշլունդի գլխավորած պատվիրակությունը, որն աշխատանքային այցով Հայաստանում է, այսօր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի, պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը հավաստող վավերագրերին և լուսանկարներին:
Հիշեցնենք, 2010 թվականին Շվեդիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։