Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն փետրվարի 10-ին նախագահ կընտրի, համագործակցող ուժերի միջև հուշագիր կստորագրվի


Փետրվարի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) 9-րդ հերթական համագումարը։ Օրակարգի առանցքային հարցը ԲՀԿ նախագահի ընտրությունն է։

Ինչպես «Ազատության»-ը տեղեկացրեց ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, այդ օրը համագործակցող ուժերի միջև տեղի է ունենալու նաև հուշագրի ստորագրում, որի հիման վրա էլ կստեղծվի «Ծառուկյան դաշինք»-ը։ Թե ստույգ քանի ուժի միջև է կնքվելու դաշինքը, առայժմ չի հստակեցվում։

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ), Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ), Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը (ՍԴՀԿ), «Հայոց համազգային շարժում»-ը (ՀՀՇ) և «Միասնություն» համազգային շարժումը կիրակի օրը՝ փետրվարի 5-ին պետք է ստորագրեին «Ծառուկյան դաշինք»-ի ստեղծման հուշագիր։ Սակայն ստորագրումը հետաձգվեց։

Երեկ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ «Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից»։

Հայտարարությունում մասնավորապես ասված է. - «Ինչպես գիտեք, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է քաղաքականության փակված էջը բացելու և ակտիվ քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին, ընդգծելով, որ պատրաստ է ձևավորել լայն դաշինք քաղաքական տարբեր կառույցների և կուսակցությունների հետ՝ ի նպաստ Հայաստանի զարգացման և բարօրության: Գագիկ Ծառուկյանի նպատակը մեկն է՝ Հայաստանի և Սփյուռքի ավանդական կուսակցությունների համախմբման միջոցով ստեղծել երկրի խնդիրներով մտահոգ և դրանց լուծման պատրաստակամությամբ զինված քաղաքական ուժերի և անհատների լայն դաշինք, որպեսզի խորհրդարանում հնարավոր լինի բարձրաձայնել նաև Սփյուռքի մեր հայրենակիցների խնդիրները»։

Տոնոյանը նշում է, որ Ծառուկյանի կոչին մինչև այս պահը արձագանքել և համագործակցության ցանկություն են հայտնել բազմաթիվ կուսակցություններ, այդ թվում՝ նաև Ռամկավար ազատական կուսակցության հայաստանյան կառույցը՝ ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ:

«Սակայն այս հայտարարությունից հետո ՌԱԿ-ի տարբեր թևեր և սփուռքյան կառույցներ սկսեցին հանդես գալ իրարամերժ հայտարարություններով, առ այն, որ չեն կիսում ՀՌԱԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու ցանկությունն ու որոշումը: Բացարձակ ցանկություն չունենալով ներքաշվել ՌԱԿ ներկուսակցական ինտրիգների և պառակտումների մեջ՝ Գագիկ Ծառուկյանը ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից: Հույս ունենք, որ ՌԱԿ հայաստանյան և Սփյուռքի կառույցները կհարթեն իրենց միջև առկա տարաձայնությունները: Գագիկ Ծառուկյանը շարունակում է կարևոր համարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդումը և այդ գործում թե՛ հայաստանյան, և թե՛ Սփյուռքի կուսակցությունների ակտիվ ներգրավվածությունը», - ասված է հայտարարությունում:

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG