Մատչելիության հղումներ

Գագիկ Մինասյան. ՀՀԿ-ն կառչած չէ իշխանությունից, և դա հենց ՀՀԿ-ի առավելությունն է


Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) կառչած չէ իշխանությունից, և դա հենց ՀՀԿ-ի առավելությունն է, «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Հանրապետականի գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը՝ վստահեցնելով, որ ինչպիսի որոշում կայացնի ընտրողը, այնպես էլ կլինի։

Մինասյան. - Մեր երկրում, ես կարծում եմ, որ Հանրապետական կուսակցությունը կառչած չէ իշխանությունից, և դա հենց մեր կուսակցության առավելությունն է՝ ինչպիսի որոշում կայացնի մեր ընտրողը, այնպես էլ կլինի։

«Ազատություն». - Պարոն Մինասյան, Դուք ասում եք՝ «կառչած չէ իշխանությանը», բայց ցանկացած կուսակցություն ցանկանում է «կառչել», մնալ իշխանության։

Մինասյան. - Ոչ, ցանկացած քաղաքական ուժ ձգտում է իշխանության, և դա բնական է։

«Ազատություն». - Դուք տերմինաբանությա՞նն եք դեմ, «կառչել» եզրույթի՞ն եք դեմ։

Մինասյան. - Ոչ, ոչ, ցանկացած քաղաքական ուժ ձգտում է իշխանությանը, և եթե նա չի ձգտում, նա դասական առումով կուսակցություն չէ։ Կառչած լինել, այսինքն՝ ամեն ինչ անել, որպեսզի ի հեճուկս ընտրողների կամքի դու մնաս իշխանության, ա՛յ դա կառչած է նշանակում, և կարծում եմ, որ այստեղ տերմինի հարց չէ, այլ հայկական բառ է, և մենք այդպիսին չենք։

«Ազատություն». - Իսկ Դուք պատկերացնո՞ւմ եք, 2018 թվականից հետո ներկայիս վարչապետը կարո՞ղ է շարունակել պաշտոնավարել իբրև վարչապետ։

Մինասյան. - Տարբերակները շատ են, և Ձեր ասած տարբերակը բացառել չի կարելի։

«Ազատություն». - Կարո՞ղ է նաև այնպես լինել, որ ինքը դառնա Հանրապետական կուսակցության պատգամավոր և լինել վարչապետ։

Մինասյան. - Պատգամավո՞ր։

«Ազատություն». - Ես նկատի ունեմ, որ 2018-ի փետրվարից հետո ուժի մեջ է մտնում սահմանադրական նոր...

Մինասյան. - Ուրեմն տեսեք, պատգամավորների ցանկը որոշվում է 2017 թվականի ընտրությունների արդյունքով։

«Ազատություն». - Ես դա նկատի ունեմ, եթե 2017 թվականին ինքն ընդգրկվի Հանրապետականի ցուցակում, ուրեմն կարող է լինել 2018 թվականից հետո վարչապետ, ճի՞շտ եմ դա հասկանում։

Մինասյան. - Ես չեմ կարծում, որ այսօր մենք ճիշտ կանենք, որ քննարկենք այն իրողությունները, որոնք մեզնից առնվազն մեկ տարի հեռու են, իսկ այսօրվա մեր մոտեցումը հետևյալն է՝ մենք գնում ենք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեր վարչապետի թեկնածուով՝ պարոն Կարեն Կարապետյանի թեկնածությունով, և նա մեր առաջիկա վարչապետն է լինելու ընտրությունների արդյունքում, եթե Հանրապետական կուսակցությունը հաջողի, մենք ամեն ինչ անելու ենք, որ դա տեղի ունենա։

«Ազատություն» - Եվ նա Հանրապետականի ցուցակո՞ւմ է լինելու։

Մինասյան. - Ես չեմ ուզում, որ այդ հարցին հստակ պատասխանեմ մի պարզ պատճառով, որովհետև այդ ցուցակը դեռ գոյություն չունի։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի փետրվարի 5-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG