ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox հեռուստատեսությանը տված հարցազրույցում, արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչած գնահատականին, թե նա «մարդասպան» է, արձագանքել է, թե Միացյալ Նահանգները նույնպես «բազմաթիվ քիլլերներ» ունի:
Թրամփի հետ ամբողջական հարցազրույցը հեռարձակվելու է այսօր, երեկ Fox-ը հեռարձակել է հարցազրույցից ընդամենը մեկ հատված, որում լրագրողը` Բիլ Օ'Ռեյլին, հարցնում է Թրամփին, թե արդյո՞ք նա հարգում է Պուտինին:
«Այո՛, ես հարգում եմ նրան: Բայց ես բազմաթիվ մարդկանց եմ հարգում: Դա դեռ չի նշանակում, որ ես իր հետ լեզու կգտնեմ», - պատասխանել է Թրամփը: - «Այսպես ասեմ` ավելի լավ է Ռուսաստանի հետ լեզու գտնել, քան` ոչ, և եթե Ռուսաստանը օգնի մեզ [«Իսլամական պետության» զինյալների դեմ] պայքարում, դա լավ բան կլինի», - հավելել է ԱՄՆ նախագահը:
«Բայց նա մարդասպան է: Պուտինը մարդասպան է», - հակադարձել է Օ'Ռեյլին:
«Մարդասպաններ շատ կան: Մենք էլ բազմաթիվ քիլլերներ ունենք», - պատասխանել է Թրամփը: - «Ի՞նչ է, կարծում եք մեր երկիրը անմե՞ղ է»: