ԱՄՆ-ի Արդարադատության նախարարությունը դիմել է Վերաքննիչ դատարան` պահանջելով բեկանել Սիեթլի դաշնային դատարանի երեկվա վճիռը, որով կասեցվել է նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը` հիմնականում մահմեդական յոթ երկրներից ներգաղթը ժամանակավորապես սահմանափակելու, ինչպես նաև բոլոր փախստականների մուտքը երկիր կասեցնելու մասին:
Դատավոր Ջեյմս Ռոբերտի երեկվա վճիռը հարուցել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթը, ով Թվիթերի իր էջում դատավորի տեսակետը «անհեթեթություն» էր որակել և սպառնացել էր, որ «վճիռը կբեկանվի»: Թվիթերով կատարված մեկ այլ գրառմամբ էլ ԱՄՆ նախագահը դժգոհել էր` «Ո՞ւր է գնում մեր երկիրը, երբ մի դատավոր կարող է կասեցնել Ազգային անվտանգության ծառայության սահմանած արգելքը, և յուրաքանչյուր ոք, նույնիսկ ունենալով վատ դիտավորություններ, կարող է մուտք գործել ԱՄՆ»:
Մինչ այդ, Միացյալ Նահանգների մաքսային ու սահմանային պաշտպանության ծառայությունն արդեն տեղեկացրել է միջազգային ավիաուղիներին, որ նրանք կարող են հանել սահմանափակումներն ու աշխատել այնպես, ինչպես աշխատում էին նախագահ Թրամփի հրամանագրի հրապարակումից առաջ: