Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինծառայողի դին հանձնվել է ադրբեջանական կողմին


Ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին փետրվարի 5-ին հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչներին, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ քննչական վարչությունում քննվող ագրեսիվ պատերազմ վարելու և սպանության` զուգորդված ազգային շարժառիթով կատարված դեպքերի առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննության ընթացքում այլևս վերացել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող` 1994թ-ի ծնված Չինգիզ Սալմանի Գուրբանովի դիակը պահելու անհրաժեշտությունը», - տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, - «2017թ. փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՀ զինված ուժերի ներկայացուցիչներին է հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին»:

Ադրբեջանցի զինծառայողը, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, Հայաստանում էր հայտնվել դեկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձի հետևանքով։ Տավուշի մարզի Չինարի գյուղի դիրքերի ուղղությամբ կատարված դիվերսիոն փորձի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունեցավ, իսկ ադրբեջանական զինուժը, ըստ հայկական կողմի տվյալների, այդ և դրան հաջորդ օրվա գործողությունների հետևանքով կորցրեց առնվազն 10 զինծառայող։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG