Մատչելիության հղումներ

Վարչապետի ընտանիքը ներդրում կկատարի Գյումրիի տուրիզմի զարգացման հիմնադրամում


Կառավարությունը ծրագրում է զարգացնել զբոսաշրջությունը Գյումրիում: Վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ Գյումրի կատարած իր առաջին այցի ժամանակ էր հայտարարել, որ այն տուրիզմի զարգացման համար ֆանտաստիկ քաղաք է:

Այսօր մի քանի տասնյակ գործարարների ուղեկցությամբ Կարեն Կարապետյանը հնարավորություն ունեցավ սեփական աչքերով տեսնել ու գնահատել Կումայրի արգելոցի պատմական շինությունները:

Գյումրիում տուրիզմի զարգացման համար հատուկ հիմնադրամ է ստեղծվելու: Որպեսզի գործարարները ոգևորվեն ու հիմնադրամում ներդրումներ անեն, վարչապետը հայտարարեց, որ իր ընտանիքը պատրաստվում է առաջին ներդրողներից մեկը լինել:

«Ներկա դրությամբ ես բիզնեսով զբաղվելու հնարավորություն չունեմ, խնդրելու եմ իմ ընտանիքի անդամներին, որպեսզի նրանք ևս ներդրում կատարեն: Իմ ընտանիքի համար մեծ պատիվ կլինի, որ ստեղծվելիք ներդրումային հիմնադրամում առաջին ներդրում կատարողը լինի», - նշեց վարչապետը: - «Մենք ստեղծելու ենք ֆոնդ, որի ներդրումային փաթեթը այս պահին 10 միլիոն դոլար է, որը լինելու է տարբեր աղբյուրներից: Մենք առաջարկում ենք, որ գյումրեցի սեփականատերը ընտրության հնարավորություն ունենա՝ իր գույքով մասնակցի, կամ իր գույքը վաճառի և մենք այդ ծրագիրը իրագործելու ենք»:

Լրագրողների հարցին, թե իր ընտանիքը ի՞նչ ներդրում է անելու, վարչապետը պատասխանեց՝ «500 հազար դոլար»:

Այսօր ներկայացվեց Կումայրի պատմական կենտրոն նախագիծը, որը նախատեսում է Գյումրիի 2 փողոցում ստեղծել պատմական տուրիզմի զարգացման համար ենթակառուցվածքներ: Ծրագիրը տևելու է 2 տարի:

Գյումրին վերջին 10 տարվա ընթացքում պետք է դառնար տեխնոքաղաք, կրթական, ֆինանսական, սպորտի կենտրոն, նաև ճյուղային արդյունաբերությունն էր այստեղ զարգանալու, սակայն դրանք մնացին պարզապես բարի ցանկություններ: Արդյո՞ք Գյումրիում տուրիզմի զարգացումը հերթական խոստումն է մնալու՝ այդ հարցին վարչապետը պատասխանեց․ - «Լսե՞լ եք ֆինանսական աղբյուրները, պոտենցիալ ներդրողներին․ ապահովագրական ընկերությունները ներդնելու են, բիզնեսմենները ներդնելու են: Լսե՞լ եք դա: Բա ի՞նչ երաշխիք եք ուզում»:

Վարչապետի հետ Գյումրի այցելած գործարարներից շատերը իրենց պատրաստակամությունը հայտնեցին ներդրումներ անել Գյումրիում տուրիզմի զարգացման ուղղությամբ: Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ծրագրի իրականացման համար որևէ ռիսկայնություն չկա ու հենց վաղվանից կսկսեն այն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG