Մատչելիության հղումներ

Հայաստանում է Եվրահանձնաժողովի՝ ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախորդ երկու տարիները Հայաստան-Եվրամիություն համագործակցության տեսանկյունից առանձնացել են ակտիվությամբ՝ զգալիորեն աշխուժացել է քաղաքական երկխոսությունը, տարբեր ոլորտներում ընդլայնվել է համագործակցությունը: Այդ մասին ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ այսօր ընդունելով տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստիան Դանիելսոնին:

Նախագահը կարևորել է բարձրաստիճան փոխայցելությունները՝ հիշատակելով վերջին շրջանում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը Հայաստան:

Ընդգծելով, որ ակտիվորեն շարունակվում են Հայաստանի և Եվրամիության միջև նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները, զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ առաջիկայում գործընթացը կմտնի ավարտական փուլ: Դանիելսոնը կարևորել է Հայաստանի նախագահի սպասվող այցը Բրյուսել, որը, նրա համոզմամբ, նոր լիցք կհաղորդի փոխգործակցության զարգացմանը:

Սարգսյանը Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր ձեռքբերումների թվում նշել է Եվրամիության խորհրդի կողմից Հայաստանի հետ ընդհանուր ավիացիոն գոտու շուրջ բանակցությունների մանդատը հաստատելու որոշման ընդունումը և հավաստիացրել, որ Հայաստանը այսուհետ ևս պատրաստակամ է առաջ մղելու Եվրոպական միության հետ փոխգործակցությունը բարեփոխումների խթանման, շարժունակության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, տնտեսական համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում: Նախագահը շնորհակալություն է հայտնել Եվրամիությանը՝ այս գործընթացում Միության կողմից ներդրվող ջանքերի ու ռեսուրսների, այդ թվում՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տրամադրած աջակցության համար:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը երկուստեք կարևորվել է Գործընկերության առաջնայնությունների շուրջ բանակցային գործընթացը:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ:

Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին այսօր ընդունել են նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ վարչապետն ասել է, որ եվրոպական օրակարգը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: «Մեր համագործակցությունը հիմնվում է ընդհանուր արժեքային համակարգի վրա և կարևոր է մեզ համար: Հայաստանը պատրաստ է առաջ մղել Եվրոպական միության հետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, խորացնել և ամրապնդել այն: Այս առումով կարևոր են ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի բանակցությունները», - ասել է Կարապետյանը: Նա կարևորել է COSME և «Հորիզոն 2020» ծրագրերին Հայաստանի մասնակցությունը, ինչպես նաև Ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրին միանալու վերաբերյալ բանակցություններ սկսելը, ողջունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ակտիվ մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի միջոցառումներին:

Դանիելսոնն անդրադարձել է ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին՝ նշելով, որ ԵՄ-ն հետաքրքրված է, մասնավորապես, տնտեսության զարգացման, բիզնես միջավայրի բարելավման, տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունների ընդլայնման, ենթակառուցվածքների բարելավման և պետական կառավարման համակարգի բարեփոխման ուղղություններով գործակցությամբ: Նա նաև ողջունել է Հայաստանի կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված քայլերը, ասված է հաղորդագրությունում:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Էդվարդ Նալբանդյանը և Քրիստիան Դանիելսոնը հանգամանալից քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների ընթացքը: Նրանք հույս են հայտնել, որ մոտ ժամանակում հնարավոր կլինի եզրափակել բանակցությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG