Մատչելիության հղումներ

ԵՄ ներկայացուցիչը Հայաստանին կոչ է անում կենտրոնանալ վիզաների դյուրացման համաձայնագրի ուղղությամբ


Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրենը «Ազատության» հետ զրույցում խորհուրդ տվեց Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման ռեժիմի փոխարեն ձգտել, որպեսզի առավելագույնս օգտագործվի Հայատանի հետ կնքված վիզաների դյուրացման համաձայնագիրը:

Ստորև ներկայացնում ենք Քրիստիան Դանիելսոնի հետ զրույցից մի հատված:

«Ազատություն»․ - Երբ մենք հետևում էինք վիզայի շուրջ քննարկումներին, հատկապես Ուկրաինայի մասով տեսանք, որ կա լուրջ դժգոհություն հենց Եվրամիության ներսում՝ հաշվի առնելով, հավանաբար, բնակչության այն քանակը, որ ունի Ուկրաինան: Բայց Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը կարծես առանձնացվում են Արևելյան գործընկերության մյուս երկրներից: Արդյո՞ք Հայաստանի հետ Դուք տեսնում եք պոտենցիալ խորացնելու հարաբերությունները, հաշվի առնելով, որ Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկիր և, ըստ էության, արդեն որոշակիորեն այլ ուղղությամբ է գնացել:

Դանիելսոն․ - Մեր հարաբերությունները հիմա Հայաստանի հետ շատ հետաքրքիր կետի են հասել, մենք նոր փուլ ենք թևակոխում, բանակցում ենք նոր համաձայնագիրը և հուսով ենք, որ կկարողանանք կնքել այն շատ շուտով, ինչը կնախատեսի տարբեր բնագավառներում մեր հարաբերությունների էական խորացում և հարստացում: Սկսած պետական կառավարումից մինչև դատական բարեփոխումների ոլորտում աշխատանք, կապակացվածության, տրանսպորտի, էներգետիկայի, էներգախնայողության խնդիրներ, տնտեսական խնդիրներ, և ինչպես մենք կարող ենք օժանդակել տնտեսական բարեփոխումներին այս երկրում, ինչպես նաև ուսանողների փոխանակումն ինչպես իրականացնել, ինչպես անել, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան ավելի շատ օգուտներ քաղել մեր համագործակցությունից:

«Ազատություն»․ - Ես երկու օր առաջ խոսում էի իշխող Հանրապետական կուսակցության առաջին դեմքերից մեկի հետ, և նա ինձ ասաց, որ Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիրը հավանաբար կլինի ապրիլյան ընտրություններից հետո: Արդյո՞ք Դուք սպասում եք ընտրությունների արդյունքներին, այս հարցին լուծում տալու համար:

Դանիելսոն․ - Երբ բանակցում ես՝ սեղանի շուրջ երկու կողմեր են նստած, մեր կողմից մենք պատրաստ ենք բանակցություններն ավարտել այն պահին, երբ կլինի համաձայնություն: Հարցեր կան, որոնց համար ժամանակ է պետք, մենք մտադիր ենք հնարավորինս արագ առաջ շարժվել:

«Ազատություն»․ - Այսինքն՝ խնդիրները հայկական կո՞ղմն է առաջացնում:

Դանիելսոն․ - Դա ցանկացած բանակցության նման է, եթե ամեն ինչ լիներ առանց հարցերի՝ նստել-քննարկելու կարիք չէր լինի, ուստի ես չէի ասի՝ մեկ կամ մյուս կողմն է խնդիրներ առաջացնում:

Մենք՝ երկու կողմերս էլ, հաստատակամ ենք հասնելու համաձայնության, այն է՝ խորացնելու մեր հարաբերությունները տարբեր բնագավառներում, իսկ դրա համար ժամանակ է պետք: Մեզ պետք է կոնկրետացնել և ձևակերպել իմաստը, ընդհանրական ձևակերպումներ տալը շատ օգտակար չէ: Պետք է հստակեցնել իմաստը, երբ գրում ենք, որ պետք է ավելի շատ միասին աշխատենք, օրինակ պետական կառավարման ոլորտում, ժողովրդավարական ինստիտուտների հզորացման առումով:

Ի՞նչ է նշանակում, երբ ասում ենք, որ պետք է խորացնել համագործակցությունը դատական իշխանության կապակցությամբ, կամ ինչ է նշանակում, երբ ասում ենք, որ պետք է խորացնենք, ամրապնդենք մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում, ինչ ստանդարտների մասին է խոսքը, ինչպես ապրանքները կարող են ավելի հեշտ առևտրաշրջանառության մեջ դրվել Հայաստանի և Եվրամիության միջև:

«Ազատություն»․ - Կուզենայի անդրադառնալ Հայաստանի գալիք ընտրություններին: Եվրամիությունը 7 միլիոն եվրո է տրամադրել այդ ընտրությունների կառավարման, թափանցիկության, ավելացման համար և այստեղ այսպիսի հարց է ծագում՝ արդյո՞ք Ձեր այդ օժանդակությունը և ներգրավվածությունը չի խանգարի, որպեսզի Դուք ավելի օբյեկտիվ լինեք ընտրությունների վերաբերյալ Ձեր գնահատականներում:

Դանիելսոն․ - Ո՛չ, չի սահմանափակում: Մենք շատ անկողմնակալ ենք լինելու, և մենք շատ ուշադիր հետևելու ենք ընտրություններին: Մենք ակնկալում ենք հիմա, որ հաշվի առնելով ներդրումը և աջակցությունը, որը մենք տրամադրում ենք, որպեսզի համապատասխան դաշտ ձևավորվի ընտրությունների համար, նաև ֆիզիկական ենթակառուցվածք ձևավորվի, մենք ակնկալում ենք, որ կլինեն ազատ, արդար ընտրություններ, և այդ անկյունից ենք մենք դիտարկելու արդյունքը:

«Ազատություն»․ - Ես գիտեմ, որ Դուք տարածաշրջանային այցով եք և Հայաստանից առաջ եղել եք Ադրբեջանում և Վրաստանում: Ինչպե՞ս կհամեմատեք քաղաքական և տնտեսական իրավիճակը Հարավային Կովկասի այս երեք երկրներում։

Դանիելսոն․ - Նախևառաջ ես չեմ կարծում, որ շատ օգուտ կտա, եթե համեմատենք, բայց ակնհայտ է, որ բոլոր երեքը ձգտում են ավելի խորը և ավելի հարուստ հարաբերություններ ունենալ Եվրոպական միության հետ, և մենք էլ ենք նույնին ձգտում և նմանատիպ հանձնառություն ունենք:

Հետաքրքիր է նաև, որ բոլոր երեքը Արևելյան գործընկերության մեջ են, որով նախատեսվում է աշխարհագրական համագործակցության շրջանակ: Ես հետաքրքիր քննարկումներ ունեցա այստեղ և մյուս երկու պետություններում էլ, դրա իմաստի, բովանդակության վերաբերյալ և շատ կոնկրետ համաձայնության եկանք, որ այդ համագործակցությունը՝ Արևելյան գործընկերությունը, օգտագործենք դիտարկելու համար, թե ինչպես կարող ենք ամրապնդել տնտեսական զարգացման տարածաշրջանային բաղադրիչը, տարածաշրջանային զարգացման տրանսպորտային, էներգետիկ բաղադրիչները, և տարածաշրջանային զարգացման մեջ նաև պետական կառավարման, ժողովրդավարական կառույցների, դատական իշխանության ամրապնդման գործընթացները և հասարակությունում իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացը: Մենք նաև քննարկել ենք, թե ինչպես կարող ենք ժողովուրդների միջև շփումները ակտիվացնել, այս առումով երեքի միջև նմանություններ կան՝ նպատակների և բովանդակության առումով:

«Ազատություն»․ - Տարիներ շարունակ Եվրամիությունը Հայաստանում ամենատարբեր ոլորտներին աջակցում է: Դրանցից հիմնական ուղղություններից է կոռուպցիայի դեմ պայքարը: Դուք մեծ աջակցություն եք ցուցաբերել, նույնը նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, բայց երկու օր առաջ ԱՄՆ դեսպանը Հայաստանում քննադատեց Հայաստանի իշխանություններին, ըստ էության ասելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի միջոցները չեն բավարարում այն սպասելիքները, որ իրենք ունեին: Եվ մեկ այլ տվյալ՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» տվյալներով կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը 18 կետով նահանջել է: Դուք ի՞նչ կարծիքի եք Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի մասին, և չե՞ք համարում, որ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում նպատակին:

Դանիելսոն․ - Կոռուպցիան հասարակության համար նման է քաղցկեղի, որը սասանում է քաղաքացիների շրջանում վստահությունը, հանգեցնում է քաղաքացիների համար այնպիսի ծառայությունների մատուցման, որոնք օպտիմալը չեն, և թուլացնում է բիզնես համայնքի վստահությունը հասարակության նկատմամբ: Բոլոր այս ու այլ պատճառներով հույժ կարևոր է պայքարել կոռուպցիայի դեմ, դա իրավունքի գերակայության հիմնարար բաղադրիչ է, ուստի մենք մեր կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցության մեջ բավականին մեծ ներդրումներ ենք արել, որպեսզի հենց այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին օժանդակենք:

Կարևոր է անկողմնակալ, արդյունավետ դատական իշխանությունը, կարևոր է ճիշտ օրենսդրություն ունենալը այս հիվանդության դեմ պայքարի համար, կարևոր է թափանցիկությունը:

Էլեկտրոնային կառավարումը, մասնավորապես, այդ թափանցիկության ապահովման բաղադրիչներից մեկն է, բայց իհարկե քաղաքացիական հասարակությունը մոնիտորինգի մեջ շատ կարևոր դերակատարում ունի: Կոռուպցիայի դեմ պայքարը նաև դիրքորոշումների խնդիր է, այսինքն պետք է ավելի ընդհանուր իմաստով համոզմունք լինի, որ նման ձևով գործելը սխալ է:

Ահավասիկ, մենք օժանդակում ենք պայքարին և պարզ է, որ բարելավման հնարավորություն, բարելավման տեղ կա, և հուսով ենք և ակնկալում ենք, որ կառավարությունն անհրաժեշտ ջանքերը կգործադրի այս հարցերը լուծելու համար: Մենք գիտենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիր կա և հենց այս տեսակի հարցերին է ծրագիրը անդրադառնում, նկատել ենք նաև, որ կան դատական համակարգի բարեփոխումներ, կան էլեկտրոնային համակարգի բարեփոխումներ, որոնք, մեր համոզմամբ, ճիշտ իրագործվելու դեպքում կարող են դրական ազդեցություն ունենալ կոռուպցիայի խնդրի վրա:

«Ազատություն»․ - Այս միջոցները եղել են մշտապես՝ այս հակակոռուպցիոն մարմինները, բոլոր այդ հայտարարությունները․․․ տարիներ շարունակ հայկական հանրությունը դա տեսնում է, բայց արդյունքների մասին դատելը բավականին դժվար է, և ես միայն ԱՄՆ դեսպանի միտքը մեջ բերեցի: Ձեր ակնկալիքը նոր կառավարությունից ինչպիսի՞ն է, արդյո՞ք այն կանի քայլ դեպի իրական պայքար կոռուպցիայի դեմ:

Դանիելսոն․ -Ակնկալվում է բարելավում քաղաքացիների համար, և դա ամենակարևորն է, ու կարծում եմ՝ պատճառները շատ պարզ են: Բայց մյուս բաղադրիչը, որն այստեղ շատ կարևոր է, այն է, որպեսզի տնտեսությունն իսկապես օգտագործի այստեղ՝ Հայաստանում, առկա ներուժը, պետք է կոռուպցիայի դեմ պայքարել, քանի որ դա կապահովի ավելի լավ միջավայր և՛ Հայաստանում գործող բիզնեսների համար, և՛ ուղղակի ներդրումների համար:

Եթե նայեք ցուցակները և նայեք ներդրողներն ուղղակի ինչն են համարում խոչընդոտ այս կամ այն երկրում ներդրում անելու ճանապարհին՝ կոռուպցիան շատ բարձր հորիզոնական է այդ ցուցակներում զբաղեցնում:

«Ազատություն»․ - Ես գիտեմ, որ Դուք հանդիպումներ եք ունեցել Հայաստանի իշխանությունների հետ և կարծեմ դեռ պետք է ունենաք: Ինչպե՞ս եք գնահատում այդ հանդիպումները և ի՞նչ հիմնական հարցեր ունեիք, որ ուղղել եք հայ պաշտոնյաներին:

Դանիելսոն․ -Մենք շատ լավ հանդիպումներ ենք ունեցել, մեր համագործակցության այս նոր փուլի վերաբերյալ միասնական պատկերացում ունենք և պետք է ասեմ, որ տպավորված եմ, թե ինչպիսի հստակ կամք կար զրուցակիցներիս մոտ լուծելու շատ և շատ խնդիրներ թե՛ դատական բարեփոխումների ոլորտում, թե՛ թափանցիկության, էլեկտրոնային կառավարման բնագավառում, թե՛ տնտեսական բարեփոխումների բնագավառում, ներառյալ կրթության ոլորտը:

Մենք փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի օժանդակենք այս ջանքերին, և մենք արդեն իսկ օժանդակում ենք: Օրինակ՝ տնտեսության մեջ մենք էական ջանքեր ենք գործադրում, որպեսզի օժանդակենք փոքր ու միջին ձեռնարկություններին: Հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններ արդեն իսկ մեզնից օժանդակություն ու խորհրդատվություն են ստացել, որպեսզի կարողանան ավելի լավ օգտագործել եվրոպական շուկայի ներուժը: Մենք օժանդակում ենք գյուղական շրջաններում կոոպերատիվներին, որպեսզի գյուղատնտեսությունը առաջ շարժվի:

Իսկ մեր քննարկած պետական կառավարման ոլորտում մենք օժանդակում ենք դատական համակարգին, դատական ոլորտի բարեփոխումներին:

Երեկ ես մասնակցեցի դատարանի վերանորոգված շենքի բացմանը, որը հույժ կարևոր է, նույնն էլ արել ենք էլեկտրոնային կառավարման բնագավառում, որում մենք օժանդակում ենք, որպեսզի էլեկտրոնային հարկման, էլեկտրոնային տարբեր ռեգիստրներ ընդարձակվեն, նաև նույնականացման քարտը էլեկտրոնային կառավարման բարեփոխումների հիմք կշարունակի ծառայել: Սրանք օրինակներ են:

«Ազատություն»․ - Իմ վերջին հարցով կցանկանայի մենք վերադառնանք մեր զրույցի սկզբնական թեմային: Մենք այս օրերին հետևում ենք Միացյալ Նահանգներում տեղի ունեցող զարգացումներին և կա մեծ դժգոհություն ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունից, որը արգելում է որոշ մուսուլմանական երկրներից միգրանտների մուտքը Միացյալ Նահանգներ: Հնարավո՞ր է, որ Եվրամիությունը ևս հակվի նման քաղաքականության և կիրառի նման քաղաքականություն, որը գուցե ազդի նաև Հարավային Կովկասի երկրների վրա:

Դանիելսոն․ - Ինչ վերաբերում է Եվրամիության միգրացիոն քաղաքականությանը, ներկայումս այն ամբողջական վերամշակման մեջ է: Ողբերգությունը Սիրիայում և 5 միլիոն փախստականների արտահոսքը նոր իրականություն է ձևավորել: Խնդիրը վերաբերում է նաև Աֆրիկայից եկող միգրանտներին և փախստականներին:

Եվրոպական քաղաքականության մշակումը ներառում է միջոցառումներ և՛ Եվրամիության ներսում՝ ապաստանի ոլորտում, արտաքին սահմանների հարցում, ինչպես նաև գործողություններ գործընկերների հետ կապված, մասնավորապես օժանդակություն այն պետություններին, որոնցից մարդիկ հեռանում են, որովհետև չեն տեսնում տնտեսական ապագայի հնարավորություն կամ որովհետև փորձ է արվում գործընկերներին օգնել, որպեսզի ինչ-որ գործողություններով վերջ դնեն պատերազմներին, կամ այնպիսի իրավիճակներին, որոնց հետևանքով մարդիկ փախստական են դառնում և ստիպված փախչում պատերազմից կամ քաղաքական հալածանքից:

Այսինքն համաեվրոպական քաղաքականություն է մշակվում և այն կատարվում է բազմակողմանի շրջանակում: ՄԱԿ-ի ջանքերը, ՄԱԿ-ի՝ փախստականների հարցով գերագույն հանձնակատարի և Միգրացիայի միջազգային կազմակերպության ջանքերը հույժ կարևոր են: Հայաստանն, իհարկե, այս գործընթացին մասնակից է, Հայաստանը կարևոր գործընկեր է այդ քննարկումներում:

«Ազատություն»․ - Դուք չե՞ք ակնկալում քաղաքականության խստացում այս առումով:

Դանիելսոն․ -. Ո՛չ, Եվրամիության միգրացիոն քաղաքականության վերաբերյալ խոսելիս ես չէի ասի ավելի խիստ կամ կոշտ: Ես այդպիսի բառ չէի օգտագործի:

Քաղաքականությունը մշակվում է այնպես, որպեսզի հաղթահարվեն Եվրամիության առաջ ծառացած մարտահրավերները, ինչպես նաև բազմակողմանի, լայն շրջանակում է հարցը, մասնավորապես խոսքը փախստականների պաշտպանության մասին է, նրանց արժանապատվության պաշտպանությանը, ովքեր միգրացիայի գործընթացում են, կամ փախուստ են կատարում իրենց երկրներից, ինչպես նաև արդյունավետ կառույցներ Եվրոպայում այդ մարտահրավերներին դիմակայելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG