«Քրեակատարողական համակարգի խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ», - այսօր կառավարության նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հանձնարարելով արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ։
«Արդարադատության նախարարի կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվության արդյունքներից պարզ է դառնում, որ առկա են խնդիրներ կալանավորվածներին, դատապարտյալներին սննդի ապահովման տեսանկյունից, շարունակական են կոռուպցիոն ռիսկերը հանձնուքների տրամադրման հարցում, ինչպես նաև դատապարտյալների համաչափ տեղաբաշխումը: Խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ», - նշել է գործադիրի ղեկավարը:
Վարչապետը նախարարին հանձնարարել է, մասնավորապես, ուսումնասիրել կալանավորվածներին և դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովումը, այդ թվում՝ մասնավոր կազմակերպություններին պատվիրակելու հնարավորությունը, մշակել հանձնուքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու նոր գործիքակազմեր, ապահովել քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համաչափ տեղաբաշխելու համար քրեակատարողական ծառայության բոլոր ռեսուրսների օգտագործումը, ուղղված թե՛ նորաբաց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ամբողջական շահագործմանը, թե՛ քրեակատարողական ծառայողների ներկայիս քանակակազմի համապատասխանաբար բաշխմանը քրեակատարողական հիմնարկներում:
Ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ, Արփինե Հովհաննիսյանը պետք է զեկուցի մեկամսյա ժամկետում: