Մատչելիության հղումներ

Ադրբեջանը «հրաժարվում է իր գերեվարված զինծառայողից» 


ԼՂ ՊԲ զինծառայողը հյուսիսային առաջնագծում, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը հյուսիսային առաջնագծում, արխիվ

Ղարաբաղյան կողմը, մինչդեռ, հարց է հնչեցնում՝ ինչպե՞ս կարող է բանակից զորացրված զինծառայողը, զինվորականի համազգեստով, սպառազինված ու առավել ևս՝ դիվերսիոն խմբի կազմում, ներթափանցել հակամարտ զորքերի միջդիրքային տարածք:

Նախօրեին ժամը 15:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիսային՝ Թալիշի ուղղությամբ, օգտվելով մառախլապատ եղանակից, ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Այս մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը:

ՊԲ հաղորդագրության համաձայն, ղարաբաղյան ուժերը, ժամանակին նկատելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և կորուստներ պատճառելով՝ հետ շպրտել:

«Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող, 1995 թ․-ին Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեինզադեին: Ըստ հավաստի տվյալների՝ հակառակորդը տվել է նաև առնվազն 1 վիրավոր, ինչն, ի դեպ, պաշտոնապես հաստատվել է Ադրբեջանի ՊՆ-ի կողմից տարածված հաղորդագրությամբ»,- փոխանցում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը:

Արդյո՞ք գերին կվերադարձվի ադրբեջանական կողմին, թե՞ հնարավոր է՝ կանգնի ղարաբաղյան դատարանի առաջ, «Ազատության» այս հարցին ի պատասխան, Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն ասաց, թե այդ մասին խոսելը դեռ վաղ է: Նաև հավելեց՝ Հյուսեինզադեի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում: «Նրա անվտանգությանն ու առողջությանը որևէ վտանգ չի սպառնում և չի էլ կարող սպառնալ: Թող իր ծնողներն ու բարեկամներն անհոգ լինեն»,- ասաց Բաբայանը:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է դիվերսիոն փորձի և իր կորուստների վերաբերյալ տեղեկությունները, նշելով, որ հայկական ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի Էլնուր Հյուսեինզադեն, որպես կարգազանց զինծառայող, զորացրված է եղել բանակից և ներկայումս հաշվառված չէ Ադրբեջանի զինված ուժերում:

«Ադրբեջանական կողմը յուրաքանչյուր անելանելի վիճակում հայտնվելու դեպքում պատրաստ է հրաժարվել սեփական զինվորից և նրան ներկայացնել նախ՝ դասալիք, իսկ ապա նաև՝ իր զինված ուժերի հետ որևէ կապ չունեցող անձ: Հասկանալի է և լրիվությամբ տեղավորվում է ադրբեջանական տրամաբանության մեջ»,- արձագանքելով ադրբեջանական կողմի հերքմանը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Ղարաբաղյան բանակի ներկայացուցիչը նաև անտրամաբանական ու անհասկանալի է համարում, թե ինչպես կարող է բանակից զորացրված զինծառայողը՝ զինվորականի համազգեստով, սպառազինված ու առավել ևս՝ դիվերսիոն խմբի կազմում, ներթափանցել հակամարտ զորքերի միջդիրքային տարածք, փորձել կատարել հատուկ նշանակության գործողություն և արդյունքում հայտնվել հայերի ձեռքում:

Դավիթ Բաբայանը ևս հարց է հնչեցնում՝ «Էդ դեպքում ի՞նչ էր անում խմբի կազմում մեր տարածք ներթափանցելու ժամանակ: Ի՞նչ է՝ եկել էր այստեղ, որ ֆիլմ դիտի՞, թե՞ ծաղիկ հավաքի այստեղ: Ի՞նչ էր անում այդ խմբում այդ մարդը, եթե զորացրված է: Սա կրկին անբարոյական քայլ է՝ հրաժարվել հայրենքի պաշտպանից, նրան որակելով զորացրված, չգիտեմ, կարգապահությունը խախտող մարդ»:

Ապրիլյան քառօրյա պատերազմից ամենաշատը տուժած բնակավայրերից Թալիշի ուղղությամբ դիվերսիայի իրականացման պատճառն, ըստ Բաբայանի՝ այժմ Թալիշում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներն են: Ադրբեջանական կողմը փորձում է խոչընդոտել դրանք, ասում է ԼՂ պաշտոնյան և հավելում՝ «Որպեսզի մեզ շեղեն այնտեղ իրականացվող լայնածավալ աշխատանքներից և ցույց տան, որ այնտեղ իրավիճակը կայուն չէ, որպեսզի այդ վտանգավորության զգացումը միշտ լինի»:

Նշենք, որ այսօր ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտարարություն տարածեց, որում նշված է, թե «Բաքուն ջանքեր է գործադրում իր քաղաքացուն ազատ արձակելու ուղղությամբ»: Նույն հաղորդման համաձայն, Բաքուն այդ հարցով դիմել է նաև բոլոր իրավասու միջազգային կառույցներին:

Ղարաբաղյան կողմը նաև տեղեկացնում է, որ անցած գիշերը ևս ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խաղաղ չի եղել: «Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 130 կրակոց»-, փոխանցում է Պաշտպանության բանակը:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի դիտարկմամբ՝ երեկվա, ինչպես նաև Տավուշում նախորդ տարեվերջին ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն փորձերը ստուգողական էին՝ պարզելու հայկական կողմի պատրաստությունը:

«Այդ դեպքերն ապացուցում են, որ Ադրբեջանը մտադրություն ունի առաջիկա ամիսներին շարունակել ռազմական գործողությունները Հայաստանի և Լեռնայի Ղարաբաղի դեմ: Այլ կերպ ասած՝ սա գարնանը սպասվող առավել մեծ հարձակման համակարգային պատրաստության մի մասն է: Ադրբեջանական հաջորդ ռազմական գործողությունը, հավանաբար, կներառի ոչ միայն Տավուշի ուղղությամբ հարձակումներ, այլ նաև գրոհներ Նախիջևանից: Ոչ ցանկալի, բայց հավանական սցենար է նաև ադրբեջանական օդուժի, տանկերի և հրետանու առավել մեծ ծավալի կիրառումը: Ամեն դեպքում, սա առավելապես մարտահրավեր է ադրբեջանական և ոչ՝ հայկական կողմերի համար, քանի որ ռազմական առումով պաշտպանվողները հարձակվողների հանդեպ առավելություն ունեն»,- ասաց Կիրակոսյանը:

Նրա խոսքով՝ վերջին շրջանի դիվերսիոն գործողությունները պայմանավորված են նաև Ադրբեջանի ներքին տնտեսական վիճակով: Ալիևի իշխանությունը փորձում է հանրային ուշադրությունը շեղել իր ընտանիքին պատկանող մի քանի բանկերի փլուզումից, ասում է փորձագետը: Ըստ նրա, Ադրբեջանի համար այժմ նաև միջազգային դրությունը կարող է հարմար թվալ հարձակման համար՝ «Ադրբեջանի համար Մինսկի խումբը թվում է թույլ, ինչպես երբեք: Նրանց չի հուզում միջազգային արձագանքը, բայց այս անգամ նրանք ակնկալում են ավելի քիչ միջազգային արձագանք»:

Քաղաքագետը նաև վստահ է՝ այժմ, նախկինի համեմատ, հայկական կողմն ավելի լավ է պատրաստված ցանկացած գործողության, չի լինի նաև անակնալի գործոնը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG