Փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 20 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 130 կրակոց:
Հաղորդելով այդ մասին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հիշեցնում է, որ բացի հրադադարի ռեժիմի խախտումներից՝ շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինները ձեռնարկել են դիվերսիոն ներթափանցման փորձ, որը Պաշտպանության բանակի առաջապահ ուժերի կողմից ժամանակին կանխվել է:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն, ասված է հաղորդագրությունում: