Մատչելիության հղումներ

Նալբանդյանը «խայտառակություն» է որակել Լապշինի ձերբակալությունը և արտահանձնման որոշումը


Հայաստանի արտգործնախարարը «խայտառակություն» է որակում բլոգեր Ալեքսանդր Լապշինի ձերբակալությունը Բելառուսում և նրան Ադրբեջան արտահանձնելու որոշումը:

Այսօր հրավիրած ասուլիսում նախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառանալով Բելառուսում ավելի քան մեկուկես ամիս անազատության մեջ գտնվող բլոգերի հարցին, կասկած հայտնեց, թե Բաքվին կհաջողվի Լապշինի գործի օգնությամբ նախադեպ ստեղծել, որովհետև այդ պարագայում Ադրբեջանի իշխանությունները ստիպված կլինեն բազմաթիվ երկրներ ներկայացնող պետական, քաղաքական, հասարակական և մշակութային մեծահամբավ մոտ հինգ հարյուր գործիչների ձերբակալման և Բաքու արտահանձնման հարցը լուծել:

«Չգիտեմ, թե ինչ և ով կարող է վաստակել այդ Լապշինի գործից, բայց, վստահ եմ, հեղինակություն որևէ մեկին չի ավելացնի: Հակառակը, նրանք, ովքեր խոչընդոտում են կամ հետապնդում են մարդկանց՝ հիմնարար ազատությունների կամ հիմնարար ազատությունների իրականացման հետ կապված, որը ազատ տեղաշարժն է և խոսքի ազատությունը: Դա խայտառակություն է, բայց որոշ դեպքերում այդ խայտառակությունը որոշների ինքնության բնորոշիչ մաս է արդեն կազմում: Չեմ կարծում, որ դա նախադեպ դառնա կամ որևէ մեկին խանգարի: Ղարաբաղ գնացել են, կգնան և ավելի կգնան»:

2011 թվականի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին Լեռնային Ղարաբաղ այցելած Ալեքսանդր Լապշինը Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարվա դեկտեմբերի 14-ին ձերբակալվեց Մինսկում: Ադրբեջանական դատախազության հարուցած քրեական գործով 40-ամյա բլոգերը մեղադրվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր անելու և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության համար:

Բաքուն պահանջում է արտահանձնել բլոգերին, և հունվարի 20-ին Բելառուսի դատախազությունը բավարարեց այդ պահանջը: Չօգնեց անգամ Լապշինի բողոքը․ հունվարի 26-ին Մինսկի քաղաքային դատարանն ուժի մեջ թողեց դատախազության որոշումը:

Հատկանշական է, որ բլոգերի ձերբակալությունը տեղի ունեցավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի Բաքու այցելելուց մոտ երկու շաբաթ անց: Բաքվում Իլհամ Ալիևը Բելառուսն արդեն 22 տարի նախագահող Լուկաշենկոյին պարգևատրեց Ադրբեջանի բարձրագույն պարգևով՝ Հեյդար Ալիևի անվան շքանշանով, ինչին ի պատասխան՝ Հայաստանի դաշնակից համարվող երկրի ղեկավարը խոստացավ վաստակել այն կրելու իրավունքը:

Վերջին շրջանում հայ-բելառուսական հարաբերությունենրի օրակարգը, անշուշտ, չի սահմանափակվում բլոգեր Լապշինի հարցով: Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մոտ երկու շաբաթ առաջ անկեղծացավ․ այն, որ ՀԱՊԿ վերջին գագաթնաժողովում Հայաստանի ներկայացուցիչը չընտրվեց կազմակերպության գլխավոր քարտուղար, պատճառը Բելառուսի նախագահի բացակայությունն էր․ - «Ղազախստանը այդ հարցում երբևէ որևէ խոչընդոտ չի առաջացրել: Բելառուսի նախագահի բացակայությունը նախորդ համաժողովին առաջացրեց այդ խնդիրը»:

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցին Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց․ - «Այդ հարցի հետ կապված եթե ինչ-որ հարց ունեք Լուկաշենկոյին, կարող եք Լուկաշենկոյից հարցնել: Բայց չեմ կարծում, որ Լուկաշենկոն ներկա չէր այդ գագաթնաժողովին, որպեսզի գլխավոր քարտուղարի ընտրության հարցը չլուծվի: Այնտեղ լրիվ ուրիշ հարցեր կային: Մի քիչ եթե ուշադիր կարդաք մամուլը, կհասկանաք, թե ինչ հարցերի հետ էր կապված»:

Երեկ «Հետք» պարբերականը, հղում տալով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրին, գրել էր, որ ի պատասխան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մանդատի երկարացման վրա Ադրբեջանի կիրառած վետոյի, Հայաստանը, իր հերթին, «արգելք է դրել Տաջիկստանում, Ղրղզստանում եւ Ուզբեկստանում ԵԱՀԿ գրասենյակների գործունեության վրա»:

Ուշագրավ է, որ այսօր Նալբանդյանը մի կողմից «սուտ» որակեց տեղեկությունը, մյուս կողմից ընդգծեց՝ Երևանը կողմ է հարցի փաթեթային լուծմանը․ - «Դա բացահայտ սուտ է, որ մենք որևէ վետո կամ որևէ խոչընդոտ ենք դրել որևէ մեկ հարցում: Մեր մոտեցումը դեկտեմբերին այն էր, որ Հայաստանում ԵԱՀԿ-ի գրասենյակի հարցը պետք է լուծվի այլ հարցերի հետ, փաթեթային»:

XS
SM
MD
LG