Մատչելիության հղումներ

Արարատի մարզպետը հրաժարական է տվել


Ռուբիկ Աբրահամյան, արխիվ
Ռուբիկ Աբրահամյան, արխիվ

Արարատի հանրապետական մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այդ մասին «Ազատության»-ը հայտնեց Հայաստանի վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը։

Սարդարյան. - Այո, դիմում ստացել ենք, դիմում ներկայացրել է, հաստատում ենք։

«Ազատություն». - Բավարարվե՞լ է այդ դիմումը։

Սարդարյան. - Եթե դիմումը ներկայացվել է, նշանակում է, որ կբավարարվի:

«Ազատություն». - Պատճառների մասին դիմումում նշվա՞ծ է։

Սարդարյան. - Սովորաբար պատճառները դիմումի մեջ չեն ներկայացվում։

Այս հրաժարականը հետևում է նախկին վարչապետ, Արարատի մարզում մեծ ազդեցություն ունեցող Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե դուրս է գալիս իշխող Հանրապետականի շարքերից։

Այսօր Հանրապետական կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Աբրահամյանի դիմումն արդեն ստացել են և նախկին վարչապետին հեռացրել կուսակցությունից։

Թադևոսյան. - Այսօր ես ստացել եմ Հովիկ Աբրահամյանի դիմումը։

«Ազատություն». - Ի՞նչ ընթացակարգ է լինելու, պետք է քննարկվի՞, թե՞՝ միանգամից բավարարվի։

Թադևոսյան. - Չէ, պարզապես դա հիմք է լինելու, որպեսզի իրեն կուսակցական հաշվառումից հանենք։

«Ազատություն». - Դա ե՞րբ տեղի կունենա, դրա համար պետք է առանձին նի՞ստ գումարվի։

Թադևոսյան. - Արդեն տեղի է ունեցել։

«Ազատություն». - Արդեն ինքը ՀՀԿ-ական չէ՞։

Թադևոսյան. - Այո։

«Ազատություն». - Իսկ ինչ-որ բացատրություն գրվա՞ծ է իր դիմումում։

Թադևոսյան. - Չէ, պարզապես գրել է, որ հունվարի 25-ից դուրս է գալիս կուսակցության շարքերից, որևէ բացատրություն չի ներկայացրել շարժառիթների հետ կապված։

«Ազատություն». - Չե՞ք ափսոսում նման կարկառուն հանրապետականից զրկվելու համար։

Թադևոսյան. - Դա իր որոշում է, դա իր սահմանադրական որոշումն է։

«Ազատություն». - Արդյո՞ք առաջիկա ընտրություններին դա կազդի Արարատի մարզում ընտրությունների արդյունքների վրա, ի՞նչ եք կարծում։

Թադևոսյան. - Չեմ կարծում, մենք մեր աշխատանքը ընտրությունների հետ կապված անելու ենք, մեր թիմը անելու է, կարծում եմ՝ որևէ էական ազդեցություն չի գործի։

«Ազատություն». - Իսկ ընտրությունների ժամանակ Արարատում ո՞վ է համակարգելու գործընթացները։

Թադևոսյան. - Կորոշենք, Ձեզ էլ տեղյակ կպահենք։

Իսկ արդյո՞ք այլ հանրապետականներ, օրինակ՝ հրաժարական ներկայացրած Արարատի մարզպետը կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացրել է, Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ այս պահին միայն Հովիկ Աբրահամյանից են դիմում ստացել:

Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանին, ապա նրա հրաժարականի մասին լուրերը, ըստ քաղաքապետի տեղակալ Գագիկ Պողոսյանի, չեն համապատասխանում իրականությանը։ Կրտսեր Աբրահամյանը, ի դեպ, իշխող կուսակցության անդամ չէ:

«Չկա, չկա տենց բան, հաստատ եմ ասում։ Բայց ինչո՞ւ տա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը։

Արարատի մարզկենտրոն Արտաշատում քաղաքապետ Արգամ Աբրահամյանին այդպես էլ հնարավոր չեղավ հանդիպել, նա տեղում չէր, հեռախոսազանգերը անպատասխան թողեց: Արարատի մարզպետարանում չգտանք հրաժարական ներկայացրած Ռուբիկ Աբրահամյանին, մարզպետարանի աշխատակիցները հրաժարվեցին ձայնագրվել, սակայն ասացին՝ այսօր առավոտյան աշխատանքի եկել է, ապա մի քանի ժամից հետո գնացել, նրա հրաժարականի մասին անակնկալ կերպով իմացել են, երեկ մարզպետի բարձր տրամադրությունից չեն էլ ենթադրել, որ հեռանում է պաշտոնից։ Ասացին՝ այսօր նրա հետ աշխատանքից դուրս գալու դիմում են ներկայացրել երկու օգնականներն ու վարորդը: Մարզպետարանում միայն կարճ խոսեց տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի գլխավոր մասնագետ Ասպրամ Բաբայանը․ - «Կարող եմ ասել միայն, որ տեղյակ ենք, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Իսկ ընդհանուր առմամբ մեզ մոտ բնականոն ընթացք է, բոլորս աշխատում ենք և իրականացնում ենք մեր գործառույթները»:

Մարզպետի հրաժարականը առանձնապես մեկնաբանել չէին ցանկանում նաև արտաշատցիները, նրանց մի մասը անգամ տեղյակ չէր, որ Ռուբիկ Աբրահամյանը հրաժարական է տվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG