Մատչելիության հղումներ

Թիլերսոնը պետքարտուղարի պաշտոնում կջանա ղարաբաղյան խնդրի երկարատև լուծում գտնել


ԱՄՆ - Պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 11-ը հունվարի, 2017թ․
ԱՄՆ - Պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 11-ը հունվարի, 2017թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղարի թեկնածու Ռեքս Թիլերսոնը պաշտոնը ստանձնելու դեպքում ջանքեր կգործադրի` երկարատև լուծում գտնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր՝ ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ղեկավար նշանակման հարցով լսումների ժամանակ, ինչպես փոխանցում է Ամերիկայի Հայկական համագումարի մամուլի ծառայությունը, Թիլերսոնը մասնավորապես հայտարարել է․ - «Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելու դեպքում աշխատելու եմ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ՝ հանուն խաղաղ, երկարատև լուծում գտնելու, որը թույլ կտա կայունություն ու բարգավաճում հաստատել տարածաշրջանում»: «Այս գործընթացում առաջին քայլը պետք է լինի վստահության կառուցումը, որպեսզի հարգվեն կողմերի միջև համաձայնությունները», - նաև ասել է Թիլերսոնը՝ պատասխանելով Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ սենատոր Էդուարդ Մարքիի հարցին:

Մասաչուսեթսից ընտրված սենատոր Մարքին Թիլերսոնին հարցրել է նաև հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ նրա դիրքորոշման մասին՝ մասնավորապես ուշադրություն հրավիրելով Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը․ - «Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու՝ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակմանը վերջ տալու ուղղությամբ»:

«Երկու կողմերի հետ քննարկումներիս ընթացքում ես աջակցելու եմ Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական, տնտեսական և քաղաքացիական հասարակությունների միջև հարաբերությունների կարգավորմանը: Տարածաշրջանում ԱՄՆ առաջնորդությունը և հանձնառությունը կնպաստի անհրաժեշտ վստահության հաստատմանը` հանուն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման», - հայտարարել է պետքարտուղարի թեկնածուն՝ նաև խոստանալով երաշխավորել կրոնական փոքրամասնությունների և նրանց սեփականության իրավունքների պաշտպանությունը, այդ թվում և՝ Թուրքիայի հայկական համայնքի:

Անցյալ շաբաթ, հիշեցնենք, Միացյալ Նահանգների պետքարտուղարի թեկնածուին Հայոց ցեղասպանության ու հայ - թուրքական հարաբերությունների վերաբերյալ հարցեր է ուղղել նաև սենատոր Ռոբերտ Մենենդեսը:

«1915 թվականի ողբերգական վայրագությունները մնում են ցավոտ խնդիր Հայաստանի ու Թուրքիայի հարաբերություններում, և Միացյալ Նահանգների շահերից է բխում երկու երկրների միջև խաղաղ ու կայուն հարաբերությունների ապահովումը: Եթե ես հաստատվեմ պետքարտուղարի պաշտոնում, կաջակցեմ պատմական դեպքերի լիակատար ընդունմանն ու բաց երկխոսությանը Հայաստանի ու Թուրքիայի միջև՝ հանուն տարածաշրջանի կայունության», - պատասխանելով սենատորի հարցին՝ ասել է Թիլերսոնը:

Ամերիկյան նավթային հսկա՝ ExxonMobil ընկերության նախկին ղեկավարը Էդ Մարքիի հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է նաև սիրիահայերի խնդրի մասին, մասնավորապես շեշտել, որ հասկանում է, թե ինչպիսի լուրջ խնդրի առջև է կանգնել Հայաստանը Սիրիայից փախստականների մեծ ներհոսքի պատճառով: ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն պատրաստակամություն է հայտնել արդյունավետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին սիրիացի փախստականների հիմնախնդիրը լուծելու ծրագրի շրջանակում՝ պաշտպանելով Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG