Նախ տեղեկացնենք, որ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ դեռ չի վճռել՝ քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա՞, թե՞ոչ։
Չնայած երկու տարի առաջ քաղաքապետ ընտրված Արգամ Աբրահամյանին սատարում էր իշխող ՀՀԿ-ն, նա այսօր պնդեց, որ անկուսակցական է, ուստի Հանրապետականը լքելու Հովիկ Աբրահամյանի որոշումից հետո կուսակցության շարքերում մնալ-չմնալու հարց էլ չի առաջանում․ - «Բայց ինչի՞ պետք ա հրաժարական ներկայացնեմ: Ժողովուրդն ա, չէ՞, ինձ ընտրել»:
Այդունահանդեձ, Արգամ Աբրահամյանը չբացառեց, որ կարող է հրաժարական ներկայացնել․ - «Ամեն ինչն էլ հնարավոր է»:
Նա հրաժարվեց գնահատել Հանրապետականից դուրս գալու հոր քայլը:
Նախկին վարչապետն իր հայտարարության մեջ, հիշեցնեմ, հեռացման պատճառներին չէր անդրադարձել․ միայն նշել էր, թե շարունակելու է զբաղվել ակտիվ քաղաքականությամբ՝ չհստակեցնելով, սակայն, թե ում հետ։
Քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի կարծիքով, եթե Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ, Հանրապետականի փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի ամբիցիանները բավարարվեին, նա կմնար ՀՀԿ-ում:
Հովիկ Աբրահամյանը, Սաֆարյանի կարծիքով, ակնկալում էր թեկուզ սահմանափակ լիազորություններով նախագահի կամ ԱԺ նախագահի պաշտոնը․ - «Բայց սրանք պաշտոններ են, որոնք, բնականաբար, չեն վստահվի Սերժ Սարգսյանի կողմից նրան»:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, Աբրահամյանը ՀՀԿ-ից հեռանում է նեղացած․ - «Այն հանգամանքը, որ ֆեյսբուքյան այդ գրառման մեջ շնորհակալությունների շարքում չկար ընդգծված Սերժ Սարգսյանին ուղղված շնորհակալությունը, ինչը հայաստանյան համակարգում նորմի նման մի բան է, դա նաև վկայում է, որ հենց Սերժ Սարգսյանից է նեղացած Հովիկ Աբրահամյանը: Այս առումով պատճառն էլ նաև կարող է հասկանալի լինել․ Աբրահամյանը հավակնում էր լիներ Հայաստանի, պայմանական ասած՝ չորրորդ նախագահը, այսինքն՝ լինել ժառանգորդը Սերժ Սարգսյանի: Կամ, եթե խորհրդարանական մոդել էր՝ նաև վարչապետի կարգավիճակում: Ինչը ակնհայտորեն Սերժ Սարգսյանի ծրագրերի մեջ չէր մտնում»:
Բադալյանի կարծիքով, Աբրահամյանը հեռացել էր վարչապետի պաշտոնից, չէր նշանակվել նախընտրական շտաբի պետ, կորցնում էր դիրքերը, ուստի անկումը կասեցնելու համար նրան այլ բան չէր մնում, քան դուրս գալ Հանրապետականից․ - «Նա որքան մնար Հանրապետականում, այդքան ընդգծվելու էր նրա դերի արժեզրկումը, նշանակության կորուստը»:
Ստեփան Սաֆարյանի կարծիքով, Հովիկ Աբրահամյանը այլևս պահանջված չէ Սերժ Սարգսյանի համար․ - «Նրա հաջողության գրավականը եղել է հատկապես ընդդիմադիր դաշտի հետ որոշակի ֆունկցիայի կատարումը, քանի որ իր խնամին՝ Գագիկ Ծառուկյանը գործում էր այդ դաշտում: Հետևաբար ինքը այս առումով պետք էր նաև Սերժ Սարգսյանին: Կարծում եմ, 2015 թվականի փետրվարյան իրադարձությունների ժամանակ մենք համոզվեցինք, որ նա իր ֆունկցիան չի կատարում: Եթե կատարեր, Սերժ Սարգսյանը հրապարակ չէր իջնի անձնապես և խնդիրը շատ կոշտ ու կտրուկ լուծելու և Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից հանելու առումով»:
Բադալյանի կարծիքով, եթե Աբրահամյանը ճիշտ գնահատի իրավիճակը, չի մասնակցի ընտրական առաջիկա գործընթացներին․ - «Այն, որ Հովիկ Աբրահամյանը որևէ կոնկրետ, ավելի առարկայական պատճառ չի էլ փորձում նշել, ես կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ ինքն էլ դեռևս չի պատկերացնում, թե ինչպես է շարունակելու այդ քաղաքականության մնալը: Իհարկե, «Ծառուկյան դաշինքը» դիտվում է նրա հավանական հեռանալու տարբերակը՝ այսպես ասած: Բայց մյուս կողմից նաև հարց է առաջանում՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը ինքը համաձայն է լինելու այդ տարբերակին: Որովհետև Աբրահամյանը, հատկապես իր ներկայիս վիճակում, կարծում եմ, ոչինչ չի ավելացնի այդ դաշինքին: Փոխարենը կարող է ավելացնել հանրային անվստահություն Ծառուկյանի հանդեպ, որովհետև Հովիկ Աբրահամյանը Հայաստանում մինչև հիմա իշխած համակարգի հենասյուներից մեկը՝ այդ համակարգի արատները իր մեջ խորհրդանշելու իմաստով»:
Աբրահամյանի միակ հույսը, Ստեփան Սաֆարյանի ձեւակերպմամբ, կարող է լինել «Ծառուկյան դաշինքը»: Նրա խոսքով՝ չնայած երկու տարի առաջ Հովիկ Աբրահամյանը նախընտրեց իր կարգավիճակը պահել ՀՀԿ-ի ներսում, քան պաշտպանել խնամուն, բայց նրանք այժմ ընդհանուր քաղաքական շահեր ունեն․ գոնե պահպանել ունեցածը՝ նվազագույն կորուստներով:
Հարցին, թե հնարավոր է, որ Աբրահամյանին տեսնենք ընդդիմադիրների դիրքերից հանդես եկողի դերում, Հակոբ Բադալյանը պատասխանեց․ - «Հայաստանում, իհարկե, որևէ բան հնարավոր չէ բացառել քաղաքականության մեջ, չակերտավոր, պայմանական քաղաքականության մեջ: Բայց ես կարծում եմ, թե Հովիկ Աբրահամյանը կունենա առնվազն այդ լրջությունը՝ հանդես չգալու այդ դերում, և թե բոլոր նրանք, ում, այնուհանդերձ, առաջարկվի տալ Հովիկ Աբրահամյանին այդ դերը»:
Նույն հարցին Ստեփան Սաֆարյանն արձագանքեց․ - «Շատ ծիծաղելի կլիներ, եթե ինքը խոսեր Սեյրան Օհանյանի նման երկրում ստեղծված քաղաքական, տնտեսական և բարոյական ճգնաժամերի մասին ու դրանք հաղթահարելու իր անհագ ցանկության մասին: Սա, իհարկե, զավեշտի գագաթնակետը կլիներ: Գիտակցելով, որ ավելի ծիծաղելի վիճակում կհայտնվի, ես կարծում եմ, Հովիկ Աբրահամյանը ուղղակի նախընտրեց հայտարարության այն տեքստը, որը նա արձակեց»:
Այսօր երեկոյան նախատեսված են ՀՀԿ Գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի անդամների նիստերը: Սրանք ավանդաբար վարում է երկրի նախագահ, Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը:
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ Հանրապետականի կենտրոնական գրասենյակում Աբրահամյանի հեռացման դիմումը դեռ չեն ստացել: