Ավելի քան երկու տարի ռուսաստանյան բանտում գտնվող Հրաչյա Հարությունյանը Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի միջնորդությամբ կտեղափոխվի քաղաքացիական բժշկական հաստատություն։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը փոխանցում է, որ Հայաստանի օմբուդսմենի և Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև համագործակցության համաձայնագրի շրջանակներում Ռուսաստանի հանձնակատարի ներկայացուցիչները հատուկ այցելություն են կատարել ազատությունից զրկման այն վայր, որտեղ պատիժ է կրում Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը, ուսումնասիրվել են նրա պատժի կրման պայմաններն ու առողջական վիճակը:
«Հարությունյանի բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ նա գտնվում է բժշկական հսկողության ներքո: Ներկայումս նրա առողջական վիճակը բուժաշխատողները գնահատել են բավարար: Այցի ընթացքում Հրաչյա Հարությունյանը հանձնակատարի ներկայացուցիչներին գանգատվել է մեջքի շրջանում ցավերից: Դրա հիման վրա ազատությունից զրկման վայրի բժշկական ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ 2017 թվականի հունվար-փետրվար ամիսներին քաղաքացիական բժշկական հաստատությունում կկազմակերպվեն Հարությունյանին անհրաժեշտ հետազոտությունները և համապատասխան բուժումը», - ասված է հաղորդագրությունում:
Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան պատասխան նամակով տեղեկացրել է նաև, որ Հրաչյա Հարությունյանի իրավունքների պահպանման հարցը վերցված է հատուկ հսկողության:
Տրոիցկի շրջանի դատարանը նրան 6 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտել մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած վթարից հետո, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել էին։