Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն այսօր ընդունել է պաշտոնական այցով Մոսկվա ժամանած Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանին:
Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրին՝ Դմիտրի Մեդվեդևը ընդգծել է Հայաստանի հետ ունեցած «հատուկ, դաշնակցային» հարաբերությունների բնույթը և նշել, որ Կարապետյանի այցի հետ կապված նախապատրաստվել են մի շարք փաստաթղթեր, որոնք է՛լ ավելի խորացնելու են երկկողմ հարաբերությունները կոնկրետ ուղղություններով:
«Չնայած միջազգային կոնյունկտուրային՝ էներգակիրների գների փոփոխությանը և մի շարք այլ տնտեսական գործոնների, մեր երկրների միջև առևտրաշրջանառությունը կայուն է: Ինչ վերաբերում է Հայաստանից մեր երկիր ներմուծմանը, ձեր արտադրանքի առաքումներին, ապա անցած տարվա ընթացքում մենք ականատես եղանք 70 տոկոս աճի: Դա, իմ գնահատմամբ, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության և տնտեսական կապերի ամրապնդման հետևանք է», - իր խոսքում, մասնավորապես, ասել է Մեդվեդևը՝ հավելելով, որ կողմերը քննարկելու շատ հարցեր ունեն՝ թե՛ ներդրումային, թե՛ հումանիտար բնույթի:
Իր հերթին, Հայաստանի վարչապետը, շնորհակալություն հայտնելով Մոսկվա այցելելու հրավերի և հայկական պատվիրակությանը ցուցաբերվող ընդունելության համար, շնորհավորել է Մեդվեդևին «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
Անդրադառնալով իր այցին, Կարեն Կարապետյանը հավաստիացրել է, որ հայաստանյան պատվիրակությունը Ռուսաստան է այցելել «խիստ դրական և գործնական տրամադրվածությամբ»:
«Դուք գիտեք, որ ռուսական կապիտալը Հայաստանի տնտեսությունում լայնորեն է ներկայացված: Այնուամենայնիվ, մենք չպետք է այդքանով կանգ առնենք և այսօր կարող ենք քննարկել, թե ինչպես կարելի է ակտիվացնել, նոր թափ հաղորդել մեր համագործակցությանը», - նշել է Հայաստանի վարչապետը՝ շարունակելով․ - «Այսօր Հայաստանում մի շարք բարեփոխումներ են իրականացվում ներդրողների համար բարենպաստ միջավայր ձևավորելու ուղղությամբ, և մենք կողջունենք ռուսական կապիտալի մասնակցությունը: Մենք այսօր եկել ենք նոր առաջարկություններով, որոնք թույլ կտան դիվերսիֆիկացնել և ընդլայնել մեր համագործակցության ոլորտները»: