Մատչելիության հղումներ

Ալիև. «Լեռնային Ղարաբաղը երբեք անկախություն չի ստանա»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիտարկում է Նախիջևանում տեղակայված զինտեխնիկան, 11-ը հունվարի, 2017թ․
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիտարկում է Նախիջևանում տեղակայված զինտեխնիկան, 11-ը հունվարի, 2017թ․

«Լեռնային Ղարաբաղում հայկական երկրորդ պետության ստեղծումը բացառվում է», - հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի օրը` Բաքվի մերձակայքում գտնվող նորաբաց զորամասում:

Զինված ուժերի հրամանատարական կազմի հետ այստեղ կազմակերպված խորհրդակցության ընթացքում Ալիևը հայտարարում էր. - «Այս հարցը շատ պարզ լուծում ունի: Նախևառաջ պետք է վերականգնվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Մենք երբեք թույլ չենք տա Ադրբեջանի տարածքում երկրորդ, մտացածին հայկական պետությունը ստեղծել: Լեռնային Ղարաբաղին երբեք անկախություն չի տրամադրվի: Եթե որևէ մեկը նման ակնկալիք ունի, ապա ստիպված եմ նշել` այդ ակնկալիքները զուր են: Դա երբեք իրականություն չի դառնա»:

Ադրբեջանի նախագահը երեկվա իր ելույթում անդրադարձավ նաև այն առավելագույն կարգավիճակին, որին, ըստ պաշտոնական Բաքվի, կարող է հավակնել Լեռնային Ղարաբաղը:

«Լեռնային Ղարաբաղը կարող է կարգավիճակ ստանալ բացառապես միասնական ադրեջանական պետության սահմաններում: Դա է ղարաբաղյան խնդրի լուծումը, և որքան շուտ այդ իրողությունը ըմբռնի Հայաստանի ղեկավարությունը, այնքան լավ հենց իր համար: Տարածքային ամբողջականության ապահովում, օկուպացիայի դադարեցում` ահա այն հիմնական գործոնները, որ կնպաստեն այս հակամարտության կարգավորմանը», - ասում էր Ալիևը:

Պաշտոնական Երևանը բավական արագորեն արձագանքեց Ալիևի հայտարարություններին: Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Ալիևի՝ Ապշերոնի թերակղզում գտնվող զորամաս այցից հաշվված ժամեր անց հայտարարություն տարածեց, որում մասնավորաբար նշված էր․ - «Այն փաստը, որ մեկ դար էլ չկա, ինչ Ադրբեջան պետությունը հայտնվել է աշխարհի քարտեզի վրա, չի կարող արդարացում հանդիսանալ Ադրբեջանի ղեկավարության կողմից միջազգային իրավունքի հիմնարար նորմերի չիմացության համար: Հարկ է ևս մեկ անգամ հիշեցնել, որ ՄԱԿ Կանոնադրությամբ ինքնորոշված սուբյեկտի կարգավիճակը որոշվում է նրա ժողովրդի կողմից, իսկ պետության տարածքային ամբողջականությունը չի կարող հակադրվել ժողովրդի ինքնորոշման իրավունքին»:

«Ադրբեջանի ղեկավարությանը վաղուց հարկ էր ընթերցել ՄԱԿ Կանոնադրությունը, որպեսզի իր անգրագիտության թմբկահարմամբ ծաղրանքի առարկա չդառնա, և հաշտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման հեռանկարի անխուսափելիության հետ», - նշում էր Հայաստանի ԱԳ փոխնախարարը:

Վերադառնալով Ադրբեջանի նախագահի երեկ հնչեցրած հայտարարություններին՝ նշենք նաև, որ զորամասի բացման ընթացքում Ալիևը մեկ անգամ ևս կրկնեց անցած ամիսներին բազմիցս հնչած տեսակետը, թե 2016-ի ապրիլին ադրբեջանական կողմը շփման գծի երկայնքով լուրջ ռազմական հաջողություն էր արձանագրել:

«Ապրիլյան մարտերը մեր խոշոր ռազմական հաղթանակն էին: Տարիներ շարունակ Հայաստանը իր բանակի անպարտելիության առասպելն էր տարածում: Ապրիլյան մարտերը, սակայն, վկայեցին, թե ում բանակն է իրականում անպարտելի: Հենց ապրիլյան մարտերից հետո բազմաթիվ բարձրաստիճան հայ զինվորականներ`պաշտպանության նախարարի գլխավորությամբ, հեռացվեցին իրենց զբաղեցրած պաշտոններից: Այդ ամենը ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքն էր», - հայտարարում էր Իլհամ Ալիևը:

«Մեր բանակում իրական ոգևորություն է նկատվում, հայրենասիրության աճ կա: Մեր բանակի մարտունակությունը նաև բարձր է գնահատվում միջազգային հանրության կողմից: Հիշում եմ, սակայն, որ մի քանի տարի առաջ, երբ ինձ ներկայացրեցին երկրի տարբեր շրջաններում գտնվող զորամասերի լուսանկարները, իրավիճակը խիստ անմխիթարական էր՝ կիսաքանդ շենքեր, զորանոցներ, որոնք պիտանի չէին բնակության համար, սննդամթերքի ապահովումը գտնվում էր շատ ցածր մակարդակի վրա: Այսօր, սակայն, մեր բանակն աշխարհի ուժեղագույն զինված ուժերի թվում է` թե՛ մարտունակության և թե՛ տեխնիկական հագեցածության առումով», - դիմելով բանակի հրամանատարությանը՝ ասում էր Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG