Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ԼՂ Պաշտպանության բանակի 22-ամյա պայմանագրային զինծառայող Կարեն Մարատի Ուլուբաբյանը մահացել է հրազենային վիրավորումից՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, հունվարի 22-ին, ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«Ադրբեջանը ինչպես միշտ շարունակում է դիմել ահաբեկչական գործողությունների», - «Ազատությանը» փոխանցեց ԼՂ նախագահի աշխտակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը՝ շարունակելով․ - «Թաքստոցներից, թաքուն ձևով կրակել, փորձել վնաս հասցնել արցախյան հայկական կողմին: Ընդհանրապես սա է իրենց ոճը: Եվ դժբախտաբար, մենք ունեցանք անդառնալի կորուստ»:
Անցած գիշերը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 430 կրակոց՝ հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը առավել ինտենսիվ կրակ է վարել դիպուկահար հրացաններից (92 կրակոց), ինչպես նաև կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ):
ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի խոսքով, նման միջադեպերը կանխելու նպատակով օր առաջ պետք է կյանքի կոչվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։
Դավիթ Բաբայանի պնդմամբ՝ քանի դեռ Ադրբեջանը չի վերանայել իր քաղաքականությունը, միջազգային հանրության արձագանքը պետք է ավելի կոշտ լինի՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու համար: Միևնույն ժամանակ Բաբայանը հիշեցրեց Ռուսասատնի արտգործնախարարի վերջերս արած հայտարարությունը, որով Սերգեյ Լավրովը շեշտել էր, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեմա չէ»:
«Սա ոչ միայն Ռուսաստանի Դաշնության, այլ, կարծում եմ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող եռյակի հավաքական կարծիքն է: Եվ համոզված եմ, որ ինչքան շատ լինեն այդպիսի կարծիքները, ինչքան ավելի կոշտ լինեն, այնքան ավելի կայուն է լինելու իրավիճակը նաև տարածաշրջանում», - հավելեց Բաբայանը։
Ի դեպ, Լավրովն նույն ասուլիսի ժամանակ նաև ասել էր, որ հակամարտության գոտում միջադեպերի քննության մեխանիզմների ներդրման և դիտորդների թվի ընդլայնման մասին համաձայնությունները մինչև այժմ չեն իրականացվել ԵԱՀԿ-ի ներսում կոնսենսուսի բացակայության պատճառով:
Այս պահին, ըստ Դավիթ Բաբայանի, իրավիճակը սահմանին վերահսկելի է․ - «Շարունակում է հակառակորդը կրակել: Մենք կանխում ենք բոլոր նրանց փորձերը: Ընդհանուր առմամբ [իրավիճակը] վերահսկելի է»:
Նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթ զորացրված զինծառայողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե «անկաշկանդ խոսւակցության և քննարկման միջոցով պետք է հասկանանք, տեսնենք, թե որոնք են մեր բանակի առավելությունները, որոնք՝ խնդիրները, որ պետք է ապագայում լուծվեն»՝ ընդգծելով, որ Հայաստանի մարտունակ բանակը կենսական անհրաժեշտություն է․ - «Բայց խոսենք նաև այն խնդիրների մասին, որոնք դեռևս պետք է ապագայում լուծվեն, և այդ լուծումները ավելի մարտունակ կդարձնեն մեր բանակը: Որովհետև մենք պարտավորված ենք ունենալ մարտունակ բանակ»:
Խրոհրդարանական ընտրութուններին ընդառաջ ակնկալվում է, որ ընտրապայքարի դուրս եկած կոսւկացութուններն իրենց ծրագրերում առանձնակի ուշադրություն են դարձնելու Ղարաբաղյան կարգավորմանը:
Օրերս «Ելք» դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, որ այսօր շատ խնդիրներ բանակում լուծելի են, սակայն իշխանություններն այդ ուղղությամբ աշխատանք պարզապես չեն կատարում․ - «Հիմա ուժեղ Հայաստան է ունենալ պետք, որ մեր զինվորը ոչ թե դրսում կանգնի, այլ ունենա ինժեներական համապատասխան կառույցներ, որտեղ սենյակում նստած, հեռուստաէկրանների առաջ վերահսկի սահմանը: Որ թիկունքից չգան ու լվացվելու ժամանակ զինվոր սպանեն: Սրանք խնդիրներ են, որ պետությունը կարող է լուծել: Այսօր Ղարաբաղի մեր սահմանի ապահովման համար լրացուցիչ ուժեր են պետք, առնվազն քսան հազար ժամկետային զինծառայողների ներգրավել է պետք: Ես հոգնել եմ արդեն այդ թեման կրկնելուց․ դա տարեկան երկու հարյուր քառասուն միլիոն դոլար գումար է անում, որ այդքան մեծ գումար չէ: Եթե ամեն մարդուն հազար դոլար աշխատավարձ տանք, հարկեր մի գանձեք դրանից, երկիր են պաշտպանելու: Մարդիկ տասնհինգ օր կանգնելու են սահմանին, տասնհինգ օր իջնելու են տուն՝ իերնց հողը մշակելուԼ: Իսկ զինվորին չենք տանելու այդ սահմանը: Զինվորը, որ ունակ է, թող զբաղվի հրետանու գործով, թող զբաղվի տանկային գործով, սովորի: Սահմանում կանգնել ես էլ եմ կարող՝ անկախ իմ տարիքից: Իսկ երիտասարդ զինվորին կարելի է սովորեցնել նոր ռազմական տեխնիկան, նոր տեխնոլոգինա: Այս խնդիրների ուղղությամբ է, որ ժողովուրդ, պետություն բանակ է ստեղծել պետք: Ոչ թե աչքը ժողովրդի գրպանին դրած, աշխարհով մեկ մեզ խայտառակ անել»: