Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն առաջիկա ժամանակներում չեն վերացվի, կիրակի օրը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով համագումարում վերընտրվել է իշխող կուսակցության նախագահի պաշտոնում։
«Պետք է վերջ տալ պատրանքներին, թե մեր երկրի նկատմամբ պատժամիջոցներ են հանվելու։ Ակնհայտ է, որ այն, ինչ պատահել է՝ պատահել է, և երկարաժամկետ է», - ասել է Մեդվեդևն ու հավելել, որ ԱՄՆ նոր ղեկավարներն առաջիկայում այս իրավիճակը չեն փոխելու։
Մեդվեդևն ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփի հետ մեծ հույսեր չի կապում և հույս չունի, որ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ հանվելու են։ Սակայն Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը վերջերս հայտարարարել էր, թե Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու դեպքում Մոսկվայի դեմ պատժամիջոցները կարող են հանվել արդեն այս տարի։
Մոսկվայում պարբերաբար հայտարարում են, թե հույս ունեն, որ Թրամփի թիմի հետ կհաջողվի նորմալ հարաբերություններ ստեղծել, հատկապես որ Թրամփն արդեն հայտարարել է, թե կարող է հանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի մասը, եթե Ռուսաստանն օգտակար լինի ահաբեկչության դեմ պայքարում։
Սակայն վերջին օրերին Մոսկվայում կարծես սկսել են ավելի քիչ հույսեր կապել ԱՄՆ նոր նախագահի հետ։ Համենայն դեպս, Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը Թրամփի երդմնակալության օրը հայտարարել էր. - «Այն պնդումը, թե Թրամփը մեր մարդն է, սխալ է, նա ամերիկացի է, ԱՄՆ նախագահն է»։
Մոսկվային հատկապես դուր չէր եկել մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփի արած հայտարարությունը, թե Ռուսաստանի հետ հարաբերությունները կկարգավորվեն, եթե հնարավոր լինի համաձայնության գալ միջուկային զենքի կրճատման հարցում։
Պեսկովն այս կապակցությամբ ասել է, թե Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը միջուկային տարբեր զինանոց ունեն, և այս իրավիճակում հնարավոր չէ խոսել դրանց համաչափ կրճատման մասին։