Բարձրավոլտ (110 կՎ) էլեկտրահաղորդման գծերում հունվարի 21-ին տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով աշխատել է Հայկական ատոմային էլեկտրակայանի 110 կՎ առաջին հաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությունը: Արդյունքում՝ 110 կՎ երկրորդհաղորդաձողերի դիֆերենցիալ պաշտպանությամբամբողջությամբ հոսանքազրկվել է ՀԱԷԿ-ի 110 կՎ-ի ենթակայանը և առաջին բլոկի էլեկտրասնուցումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է ՀՀ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանը։
Նա հայտնել է, որ ժամը 16.05-ին բլոկ-գեներատոր-տրանսֆորմատոր դիֆերենցիալ պաշտպանությամբ անջատվել է նաև Տ-3 բլոկային տրանսֆորմատորը, ինչի հետևանքով ատոմակայանը մասամբ բեռնաթափվել է:
Շուշան Սարդարյանի տեղեկացմամբ՝ իրավիճակի մասին անհապաղ զեկուցվել է վարչապետ Կարեն Կարապետյանին:
Վարչապետի խորհրդականի խոսքով՝ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի հրահանգով բեռնավորվել է Հրազդանի ՋԷԿ-ի 3-րդ էներգաբլոկը: Հայաստանի և Վրաստանի միջև գործող «Վթարային իրավիճակներում էլեկտրաէներգիայի մատակարարման» միջկառավարական պայմանագրի համաձայն՝ էլեկտրաէներգիայի պակասորդը մատակարարվել է Վրաստանից:
Ըստ նրա՝ «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» անձնակազմի ջանքերով վթարը հայտնաբերվել ու վերացվել է, և 18:20-ին Բջնիի գծով էլեկտրահաղորդումը վերականգնվել է:
Իրավիճակի զարգացումների մասին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը 30 րոպե պարբերականությամբ զեկուցել է վարչապետին:
«Նման խաթարումները պայմանավորված են երկարատև սառնամանիքների հետևանքով առաջացած սառույցի կուտակումներով: Վթարի հետևանքով էներգամատակարարման խաթարումներ չեն գրանցվել: Ատոմակայանն աշխատել է թերբեռնավորված, բայց բնականոն ռեժիմով»,- նշել է ՀՀ վարչապետի խորհրդականը և հավելել, որ այս պահի դրությամբ Հայկական ԱԷԿ-ն աշխատում է լրիվ բեռնավորվածությամբ: Համակարգի էներգամատակարարումն իրականացվում է ամբողջ ծավալով: