Մատչելիության հղումներ

Տեղի ունեցավ «Ելք» դաշինքի առաջին համաժողովը


«Ելք» դաշինքի առաջին համաժողովում, Երևան, 21-ը հունվարի, 2017 թ․
«Ելք» դաշինքի առաջին համաժողովում, Երևան, 21-ը հունվարի, 2017 թ․

Համաժողովի ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ, թե ընդդամադիր այս միավորումն ինչ ցուցակով է մասնակցելու ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին և ով է լինելու դաշինքի՝ վարչապետի թեկնածուն:

Լրագրողների հետ զրույցում դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն ասաց, որ ընտրական ցուցակի վերջնական հստակեցման հետաձգումը զուտ տեխնիկական է, քանի որ այս պահին դեռևս խորհրդակցություններ են ընթանում «Ժառանգություն» կուսակցության հետ:

Ի դեպ, այսօրվա համաժողովին ներկա էր նաև «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մրտիրոսյանը, ով, ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, խորհրդատվական հանդիպումներ է ունենում նաև Վարդան Օսկանյանի հետ, ում ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը դաշինք է կազմել Վիկտոր Դալլաքյանի և Արամ Գասպարի Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժերի հետ:

Այսօր Արմեն Մարտիրոսյանը «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է, որ «Ժառանգությունը» ևս միանա «Ելք» դաշինքին, պատասխանեց՝ կուսակցությունում դեռ վերջնական որոշում չեն կայացրել այս կամ այն ուժին միանալու վերաբերյալ: «Այդուհանդերձ, մեր նպատակը լայն կոնսոլիդացիան է: Հակված ենք այնպիսի համագործակցության, որը կարող է իրավիճակ փոխել»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Ելք»-ի առաջին համաժողովի ընթացքում գրեթե բոլոր ելույթ ունեցողները պնդում էին, որ դաշինքը միավորելու է բոլորին: «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսն էլ մատնացույց է անում այն ուղին, որով կատարվելու են փոփոխությունները: «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իր խոսքում նշեց՝ այս ընտրություները ևս ուղեկցվելու են ընտրակաշառքով, և այսօր փող բաժանողների նպատակը իշխանության գալով փող աշխատելն է:

«Այդ բոլոր ուժերն իրարից չեն տարբերվում: Նույն քաղաքական հենքը ունեն, նույն ռազմավարոթյունն ու մարտավարությունը: Նրանց ընտրազանգվածը վախով ու փողով քվեարկող 45 տոկոսանոց հատվածն է: Եվ նայելով այս ուժերին, ակնհայտ ու պարզ է դառնում, որ ելքը մենք ենք»,- իր ելույթում ասաց Արամ Սարգսյանը:

«Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը, օրինակ բերելով Միացյալ Նահանգներում խաղաղ իշխանափոխությունը, պնդեց՝ Հայաստանում էլ քաղաքացին պետք է վստահ լինի, որ հնարավոր է փոփոխությունների հասնել հենց ընտրությունների միջոցով:

«Մենք միավորվել ենք, որպեսզի յուրաքանչյուր իրավիճակից գտնենք ելք: Եվ իրապես, մեր ծրագիրը երկար քննարկումների փուլ է անցել: Մենք ներակայացրել ենք ծրագրային հիմնադրույթներ, որոնք բացվելու են և մանրամասն ներկայացվելու են նախընտրական ծրագրի տեսքով: Մենք քննարկել ենք յուրաքանչյուր հարց, որ հուզում է մեր ժողովրդին:

Հայաստանը դարձել է դիսկոմֆորտների երկիր, որտեղ ամեն բան արվում է, որ քաղաքացին անհանգիստ լինի: Որտեղ ամեն բան արվում է, որ քաղաքացուն հարստահարեն, թալանեն, տուգանեն, ճնշեն, անհանգստացնեն, օր ու արև չտան: Եվ մենք դրանից առաջարկում ենք ելք»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը:

Այսօր պետք է ստեղծեռնք այնպիսի Հայաստան, որտեղ վերադառնում են, ոչ թե որտեղից հեռանում են: Այս մասին իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը: Իշխանություններին մեղադրելով երկրում սոցիալ-տնտեսական վատ վիճակ ստեղծելու մեջ, Փաշինյանը պնդեց՝ այս իշխանություններն այդպես էլ չկարողացան պայքարել առկա չարքիների դեմ:

«Մենք ընդհանրապես սխալվում ենք, մտածելով, որ Հայաստանում նույն Սամվել Ալեքսանյանը, էն մեկը, էն մեկը մենաշնորհ ունի: Հայաստանում բանանի, շաքարի, բենզինի, ամեն ինչի մենաշնորհը մի մարդու է պատկանում, դա Սերժ Սարգսյանն է: Եվ ինքն ամեն անգամ էս ընտրությունները կազմակերպում է մի նպատակով՝ բանան կրելու իր իրավունքը անձեռնմխելի պահելու համար»,- իր ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, «Ելք» դաշինքն այսօր կայացած է, հարյուր հազարավոր կողմնակիցներ ունի և պատրաստ է լուրջ փոփոխությունների: «Հայաստանի Հանրապետություն ժողովուրդը մեզանով հաղթելու իրական հնարավորություն ունի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Ելք»-ի այսօրվա համաժողովում ելույթներով հիմնականում հանդես էին գալիս դաշինքի երիտասարդ անդամները: Համաժողովին, ի դեպ, ներկա էին նաև երգիչ Արթուր Իսպիրյանը և դերասան Հայկ Մարությանը: Վերջինիս խոսքով, ինքն ապրիլի 2-ի խորհդարանական ընտրություններին մասնակցելու է դիտորդի կարգավիճակով: Հայկ Մարությանն ասաց նաև, որ այս դաշինքում լավ ընկերներ ունի, սակայն, երեք կուսակցութուններից որևէ մեկին անդամակցելու մտադրություն չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG