Մատչելիության հղումներ

Հայաստանի ներկայացուցիչը կգլխավորի ՀԱՊԿ-ը, հենց որ կազմակերպությունում կոնսենսուս լինի


Հայաստանի ներկայացուցիչը կգլխավորի ՀԱՊԿ-ը, հենց որ կազմակերպությունում կոնսենսուս լինի, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Չնայած կազմակերպությունում ընդունված որոշումներին՝ տևական ժամանակ է Հայաստանի ներկայացուցիչը չի ընտրվում Կրեմլի նախաձեռնած ռազմական դաշինքի գլխավոր քարտուղար:

«Ընդունվել է որոշում, համաձայն որի ՀԱՊԿ-ում արդեն գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ռոտացիոն կարգով փոխարինվի: Եվ բնական է, որ եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում, ապա առաջին պետությունը, համաձայն ռուսական այբուբենի՝ Հայաստանն է: Այդ որոշումը կայացվել էր: Նախորդ տարի նաև արձանագրվել էր, որ ռոտացիան պետք է ուժի մեջ մտնի այս տարվա հունվարի 1-ից, և բնական է՝ պետք է Հայաստանի ներկայացուցիչը լիներ», - մանրամասնեց Քոչարյանը:

2003 թվականից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Ռուսաստանի ներկայացուցիչ Նիկոլայ Բորդյուժան դեռ մեկ տարի առաջ պետք է թողներ պաշտոնը և կազմակերպության ղեկավարումը ռոտացիոն կարգով պետք է փոխանցվեր Հայաստանին, սակայն այն ժամանակ որոշվեց հարցը մեկ տարով հետաձգել: Լրատվամիջոցները սկսեցին գրել ՀԱՊԿ-ում առաջացած հակասությունների մասին, թե՝ Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ղազախստանն ու Բելառուսը ընդդիմանում են կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի ընտրությանը:

Անցած տարվա հոկտեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովը դարձյալ արդյունք չտվեց, Հայաստանի ներկայացուցիչը չընտրվեց դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում նաև մեկ ամիս առաջ՝ դեկտեմբերին, Սանկտ Պետերբուրգում կայացած կազմակերպության գագաթնաժողովում, որին հրաժարվեց մասնակցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Արդյունքում՝ ամսի 1-ից ոչ թե նոր գլխավոր քարտուղար կա, այլ ընդամենը պաշտոնակատար է դարձել գլխավոր քարտուղարի տեղակալը, որովհետև արդեն կար որոշում, համաձայն որի չէր կարող Բորդյուժան մնալ գլխավոր քարտուղար: Եվ մոտակա գագաթաժողովը պետք է այդ հարցում հստակեցում մտցներ: Իսկ այդ տեղը Հայաստանինն է, և հենց որ եղավ այդ հավաքը և կոնսենսուսային որոշումը, կլինի Հայաստանի ներկայացուցիչը», - նշեց Քոչարյանը:

«Ազատության» ճշտող հարցին՝ ինչպես կմեկնաբանի մամուլում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Ղազախստանը և Բելառուսը ընդդիմանում են Հայաստանի թեկնածուին, փոխարտգործնախարարը պատասխանեց․ - «Միշտ չէ, որ մամուլում հրապարակվող տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Ես միայն մի բան կարող եմ ասել՝ Ղազախստանը այդ հարցում երբևիցե խոչընդոտ չի առաջացրել: Բելառուսի նախագահի բացակայությունը նախորդ համաժողովին առաջացրեց այդ խնդիրը»:

Հատկանշական է, որ ՀԱՊԿ-ի պետերբուրգյան գագաթնաժողովից մոտ մեկ ամիս առաջ Բելառուսի նախագահը Բաքվում էր, և Իլհամ Ալիևը արդեն 22 տարի նախագահող Ալեքսանդր Լուկաշենկոյին պարգևատրեց Ադրբեջանի բարձրագույն պարգևով՝ Հեյդար Ալիևի անվան շքանշանով, ինչին ի պատասխան՝ Հայաստանի դաշնակից համարվող երկրի ղեկավարը խոստացավ վաստակել այն կրելու իրավունքը:

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով, հատկապես նախորդ տարիներին Ադրբեջանը ձգտում է միջազգային տարբեր հարթակներում ճնշում բանեցնել Հայաստանի վրա, և ՀԱՊԿ-ն ու ԵՏՄ-ն բացառություն չեն:

«Ադրբեջանը բոլոր ուղղություններով աշխատում է միջազգային հանրության հետ ու փորձում է բոլոր ֆրոնտներում Հայաստանին իզոլացնի: Շատ դեպքերում Հայաստանի դիվանագիտությանը չի հաջողվում լուրջ հակահարված տալ», - «Ազատության» հետը զրույցում նշեց Գրիգորյանը:

Դիվանագիտական հակամարտությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջերս սրվեց նաև ԵԱՀԿ-ում: Այսօր Շավարշ Քոչարյանը մանրամասնեց՝ Բաքվում ԵԱՀԿ գրասենյակը փակելուց հետո Ադրբեջանի իշխանությունները ձգտում են հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակմանը՝ սպառնալով, որ հակառակ պարագայում կողմ չեն քվեարկի ԵԱՀԿ բյուջեին, իսկ այդ պարագայում ողջ կազմակերպությունը կարող է մնալ առանց բյուջեի, որովհետև այն ընդունվում է կոնսենսուսով․ - «Ես կարծում եմ՝ այստեղ եվրոպական կառույցները մտածելու տեղ ունեն, հենց ԵԱՀԿ-ն, որովհետև երբ հեշտ ու հանգիստ կուլ տվեցին այն հանգամանքը, որ Ադրբեջանը փակեց իր մոտը գրասենյակը, ասելով, որ դա ամեն պետության սուվերեն իրավունքն է՝ իր մոտ պահել, թե ոչ: Լավ, քո սուվերեն իրավունքն է քո երկրում, իսկ հիմա դու փորձում ես արգելափակել Հայաստանում գործող գրասենյակը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG