Տասը տարի առաջ այս օրը Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» պարբերականի շենքի դիմաց, գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից սպանվեց թերթի խմբագրապետ, պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը:
Ինչպես ամեն տարի հունվարի 19-ին, այսօր ևս Դինքի հարազատներն ու ընկերները «Հրանտ Դինքի համար, արդարության համար» կարգախոսի ներքո հավաքվելու են նրա սպանության վայրում՝ հարգելու նշանավոր լրագրողի հիշատակը։
Թուրքական «Ջումհուրիեթ» թերթի հաղորդմամբ, այսօր ժամը 11։00-ից սկսած մինչև միջոցառումների ավարտը երթևեկության համար փակ են լինելու դեպի «Ակօս»-ի խմբագրատուն տանող պողոտաներն, ինչպես նաև շրջակայքում գտնվող դպրոցները։
Դինքին նվիրված հիշատակի արարողություններ այսօր տեղի են ունենալու նաև Անկարայում, Բեռլինում, Փարիզում, Լիոնում, Վիեննայում, Տորոնտոյում, Օտտավայում, Երևանում։
«Տասը տարի է Հրանտը չկա, արդարություն չկա», - այսօր վանկարկում են Դինքի ընկերները։
Սպանությունից տասը տարի անց հանցագործությունն ամբողջությամբ չի բացահայտվել, չնայած մարդասպան Օգյուն Սամասթը և սպանությունը հրահրած Յասին Հայալը հայտնաբերվել և դատապարտվել են։
Դինքի սպանության գործով տասնամյա դատական գործընթացը կարելի է երկու փուլի բաժանել, հանցագործությանը հաջորդած հինգ տարվա ընթացքում սպանության ուղղակի մասնակիցների հայտնաբերումից բացի հետաքննության մեջ այլ առաջընթաց չգրանցվեց։ Վերջին հինգ տարվա ընթացքում իշխանության և գյուլենական կառույցի միջև ծագած անհաշտությունը և անցած տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձը նոր էջ բացեցին Հրանտ Դինքի սպանության բացահայտման գործընթացում։
Թուրքական ոստիկանության, ժանդարմերիայի և ազգային անվտանգության տասնյակ աշխատակիցների նկատմամբ քրեական գործեր հարուցվեցին՝ Դինքի սպանությանն առնչություն ունենալու մեղադրանքով։ Պոլսահայ նշանավոր մտավորականի ընտանիքն ու նրա շահերը պաշտպանող փաստաբանները շարունակում են պնդել, որ սպանությունը նախապես ծրագրված է եղել, և իրավապահ մարմինները, տեղյակ լինելով նախապատրաստվող մահափորձի մասին, չեն կանխել այն։ Արդեն տասը տարի է նրանք պահանջում են բացահայտել և դատապարտել սպանության պատվիրատուներին։