Մատչելիության հղումներ

Ծառուկյանը բացում է իր «քաղաքական գործունեության փակված էջը»


Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք:

Սերժ Սարգսյանի հետ առճակատումից երկու տարի անց՝ այսօր հանդես գալով հեռուստաուղերձով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդը վերջապես հրապարակեց որոշումը՝ վերադառնում է քաղաքականություն․ - «2017 թվականի խորհրդարանական ընտրությունները ճակատագրական են լինելու Հայաստանի ապագայի համար: Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք»:

Միաժամանակ, սակայն, Ծառուկյանը չհստակեցրեց, թե մասնավորապես ինչ ուժերի, ում հետ է մտադիր դաշինք կազմել, կամ արդյոք ինքը նորից գլխավորելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը․ - «Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով: Մենք կարող ենք, մենք ունենք այդ ներքին մեծ ներուժը՝ մեր երկրի զարգացման և հզորացման համար: Ես իմ ժողովրդի առջև պարտք ունեմ կատարելու: Կյանքիս այս կարևոր որոշումը իմ խաչն է, որը կրելու եմ մինչև վերջ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի»:

2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանի՝ իր հասցեին վիրավորանքներով ելույթից հետո Ծառուկյանն ասել էր․ - «Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը»:

Այսօրվա ելույթում մեծահարուստ գործարարը քննադատում է երկրում ստեղծված վիճակը, բայց՝ առանց մեղավորների մատնանշելու․ - «Ես զերծ կմնայի քաղաքական գործընթացներին մասնակցելուց, եթե տեսնեի ու վստահ լինեի, որ մեր երկիրը ընթանում է ճիշտ ճանապարհով, տնտեսությունը զարգանում է, որ ժողովրդի բարեկեցության մակարդակը բարձրանում է: Ցավոք, ունենք մեծ չափերի հասնող արտագաղթ, թույլ ու հիվանդ տնտեսություն, աղքատության անընդհատ աճ, բարձր չափերի հասնող գործազրկություն և ապագայի նկատմամբ անվստահություն»:

Գագիկ Ծառուկյանն ասում է, թե չի կարող անտարբեր լինել իր ժողովրդի ճակատագրի հանդեպ՝ հատկապես, որ ամեն օր հազարավոր մարդիկ են իրեն դիմում՝ հորդորելով վերադառնալ քաղաքականություն:

«Բարգավաճ Հայաստան»-ից ու քաղաքական այլ ուժերից էլ Գագիկ Ծառուկյանին ասել են, թե իր վերադարձը կօգնի շտկելու այս ծանր իրավիճակը․ - «Դուք գիտեք, որ ես երբեք չեմ ձգտել իշխանության, մշտապես ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ չեմ ցանկանում զբաղեցնել որևէ պաշտոն՝ հանուն փառքի և սեփական ամբիցիաների»:

Երկու տարի առաջ Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հետ դաշինք կազմած Ծառուկյանը կոչ էր անում հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը: Հիմա իշխանափոխությունից չի խոսում, այն ժամանակ ասում է՝ ժողովուրդն իրեն հասկացավ․ - «Չեմ ափսոսում, որ քաղաքական զարգացումների այդ փուլում, երբ ակնհայտ էր ժողովրդի անվերապահ աջակցությունը, ընդունակ եղանք կայացնել ճիշտ որոշում՝ խուսափելով արյունահեղությունից և անդառնալի կորուստներից, հարվածի տակ չդրեցինք Հայաստանի և Արցախի կայությունն ու անվտանգությունը: Իմ որոշումից հետո քաղաքական դաշտում առաջացած բացը ոչ մի քաղաքական ուժ և գործիչ այդպես էլ չկարողացավ լրացնել: Քաղաքական որոշ առաջնորդների և գործիչների՝ այդ օրերին դրսևորած վարքագծի գնահատականը թողնում եմ հանրության և Աստծո դատին»:

ԲՀԿ-ականներն առայժմ չեն մեկնաբանում Ծառուկյանի ելույթը, փակագծերը չեն բացվում, թե ինչ դաշինքի մասին է խոսքը՝ մանրամասների համար հորդորելով սպասել ևս մի քանի օր:

Իշխող Հանրապետականը, որ Սերժ Սարգսյանի շուրթերով «չարիք» և «կեղծ քաղաքական երևույթ» էր որակել Ծառուկյանին, հիմա խնդիր չի տեսնում, որ նա ընտրապայքար մտնի:

Կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ Ծառուկյանի որոշելիքն է, ամեն ինչ հոսում, փոփոխվում է․ - «Հանրապետականի որոշումով չի դուրս եկել: Ինքը դուրս է եկել սեփական որոշումով: Միգուցե լսելով տարբեր կարծիքներ և հորդորներ՝ բայց դա եղել է իր որոշումը: Եվ իր վերադարձն էլ իր որոշելիքն է: Անկախ Ծառուկյանի, Օհանյանի, Օսկանյանի, Փաշինյանի և այլ քաղաքական դերակատարների ծրագրերից՝ մենք ունենք մեր ծրագիրը և մենք գնալու ենք այդ ծրագրերով: Մենք ազատ մրցապայքարի կողմնակից ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, և նաև ակնկալում ենք ժողովրդի վստահությունը ապրիլի 2-ին»:

Երբեմնի քաղաքական հակառակորդի այսօր հնչեցրած քննադատությանը Շարմազանովը ծանոթ էր, հակադարձեց, թե երկրում ստեղծված վիճակին Հանրապետական կուսակցությունն ինքն է գնահատականներ տվել՝ Ծառուկյանը կխոսեր թե ոչ․ - «Ես շատ ավելի շատ խնդիրներ եմ ընդունել, ընդունում և, բացի ընդունելուց, նաև լուծումներ առաջարկում: Անկախ ամեն ինչից, անկախ բոլոր քաղաքական հայտերից՝ Հայաստանի քաղաքական դաշտի ամենամրցունակ քաղաքական ուժը համարում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությունը: Կլինի իրականություն թե չէ՝ կերևա ապրիլի 2-ին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG