Մատչելիության հղումներ

Լավրով․ ԼՂ շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմը չի ներդրվում, քանի որ ԵԱՀԿ-ում կոնսենսուս չկա


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 17-ը հունվարի, 2017թ․
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ, Մոսկվա, 17-ը հունվարի, 2017թ․

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում միջադեպերի քննության մեխանիզմների ներդրման և դիտորդների թվի ընդլայնման մասին համաձայնությունները մինչ այժմ չեն իրականացվել ԵԱՀԿ-ի ներսում կոնսենսուսի բացակայության պատճառով: Այդ մասին այսօր Մոսկվայում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նա հիշեցրել է, որ այդ համաձայնությունները ձեռք են բերվել 2016 թվականի ապրիլին հակամարտության սրացումից հետո, և հավելել․ - «Ցավոք, նույնիսկ այդպիսի տարրական բանը <...> չի կարող կյանքի կոչվել, քանի որ դեռևս կոնսենսուս չկա ԵԱՀԿ-ում»: Պատճառների մասին նա խորհուրդ է տվել հետաքրքրվել «այդ կազմակերպության ներկայացուցիչներից»:

Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի դիրքորոշումը, եթե Ադրբեջանը սկսի «ազատել իր օկուպացված տարածքները», արդյոք Մոսկվան ա՞չք կփակի, թե՞ «կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին», Լավրովը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը վերացական չէ և «բացառապես Ադրբեջանի ներքին գործերի թեմա չէ», դրա վերաբերյալ «որոշումների մի ամբողջ հավաքածու» գոյություն ունի: Ռուսաստանի ԱԳ նախարարի խոսքով՝ «օկուպացված տարածքներն ազատելու [ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի] պահանջը պահպանում է ուժը, սակայն ոչ մի դեպքում՝ ուժի միջոցով, և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու պարագայում»:

Լավրովը նշել է, որ այդ ամենն ամրագրված է Մինսկի խմբի բազմաթիվ որոշումներում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված և ստորագրված հայտարարություններում ու փաստաթղթերում: «Վեճերի խաղաղ կարգավորումն այնտեղ գրված է ամբողջ միանշանակությամբ», - ընդգծել է նա:

Սերգեյ Լավրովն ասել է նաև, որ անցյալ տարվա ապրիլին տարածաշրջանում տեղի ունեցած արյունալի իրադարձությունները խորին տագնապ են հարուցում, ապա հավելել, որ «Ռուսաստանը վճռական դեր խաղաց այդ պահին արյունահեղությունը դադարեցնելու գործում»:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հունվարի 9-ին տարածած հայտարարությունում, մասնավորապես, կոչ են արել «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խստորեն պահպանել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում` հնարավորինս կարճ ժամկետներում վերջնական տեսքի բերել ԵԱՀԿ-ի` միջադեպերի հետաքննության մեխանիզմը»:

Նշենք նաև, որ հայկական կողմը բազմիցս հայտնել է իր համաձայնությունը 2016-ի մայիսի 16-ին Վիեննայում և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների, այն է՝ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրում և ԵԱՀԿ դիտորդների թվի ընդլայնում, անհապաղ իրականացմանը:

Լապշինի գործի մասին

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործին՝ Սերգեյ Լավրովն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե Ռուսաստանը դեմ է որևէ տարածաշրջանում այս կամ այն տարածք լրագրողների կամ անհատ անձանց այցելությունների քրեականացմանը: Բացի այդ, շարունակել է նա, Մոսկվան դեմ է որևէ երկրում ձերբակալված ռուսաստանցիների արտահանձնմանը երրորդ երկրին:

«Մենք պարոն Լապշինի հետ հյուպատոսական մակարդակով շփում ենք ունեցել, գիտենք, որ նա նաև Իսրայելի քաղաքացի է, և կանենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավիճակը լուծելու՝ ամբողջապես հարգելով Ռուսաստանի քաղաքացու իրավունքները», - հայտարարել է Լավրովը:

Հիշեցնենք, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է դեկտեմբերի 14-ին Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG