Ավելի քան մեկ ամսվա բանակցություններից հետո Բելառուսի իշխանությունները ի վերջո թույլ են տվել Իսրայելի ու Ռուսաստանի հյուպատոսներին տեսակցել ազատազրկված բլոգեր Ալեքսանդր Լապշինին, ով ճաղերի հետևում է Ադրբեջանի պահանջով՝ Ղարաբաղ այցելելու և Ստեփանակերտի անկախությունը ճանաչելու համար:
Հանդիպումից հետո Իսրայելի հյուպատոսը պատմել է, որ «Ալեքսանդրը վատ վիճակում է՝ ընկճված Բելառուսի իշխանությունների ճնշումներից, որոնք պահանջում են նրանից կամավոր համաձայնել Ադրբեջան տեղափոխվելու դիմումին»:
Ադրբեջանի դատախազությունը շաբաթներ առաջ է պաշտոնապես արտահանձնման պահանջ ներկայացրել: «Մինսկում, սակայն, ուզում են, որ Լապշինը կամավոր ստորագրի այդ փաստաթղթի տակ, ինչը նրան հետագայում կզրկի որոշումը բողոքարկելու իրավունքից», - իսրայելական «Հաարեց»-ին պատմել է բլոգերի կինը՝ Եկատերինա Կոպիլովան:
Համացանցում իր տուրիստական նոթերով հայտնի բլոգերը տարիներ առաջ մի քանի անգամ այցելել էր Ղարաբաղ, լուսանկարներ հրապարակել, վերջերս էլ քննադատել Ադրբեջանի իշխանություններին, ինչից հետո Բաքվում նրա դեմ քրեական գործեր էին հարուցել ու միջազգային հետախուզում հայտարարել:
Մինչ այդ աշխարհի տարբեր երկրներում անարգել ճամփորդող բլոգերը անակնկալի էր եկել անցած տարեվերջին, երբ Մինսկ ժամանելուն պես՝ դատարանը երկու ամսով նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Ընդ որում, Բելառուսի իշխանությունները որոշել էին նրան ազատազրկել նախագահի՝ Բաքու կատարած այցից շաբաթներ անց, որի ընթացքում Ադրբեջանի նախագահը Հեյդար Ալիևի անվան շքանշանով էր պարգևատրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, վերջինս էլ խոստացել էր վաստակել այդ բարձր պարգևը կրելու իրավունքը:
«Վերջին օրերին Իսրայելն ուժեղացրել էր ճնշումը Բելառուսի նկատմամբ՝ պահանջելով թույլ տալ, որ դեսպանատան աշխատակիցը հանդիպի ազատազրկված բլոգերին», - հաղորդում է «Հաարեց»-ը՝ հավելելով, որ եթե հանդիպման հարցում Իսրայելի իշխանությունները հաջողության են հասել, ապա Ադրբեջանի հետ բանակցություններում առայժմ որևէ առաջընթաց չկա:
«Ադրբեջանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաները իսրայելցի դիվանագետներին ասել են, թե պաշտոնական Բաքուն մտադիր չէ հրաժարվել արտահանձնման պահանջից, և հիմա Երուսաղեմում մտավախություն ունեն, որ բլոգերը կարող է Ադրբեջան տեղափոխվել արդեն առաջիկա օրերին», - գրում է իսրայելական պարբերականը:
Առայժմ արդյունք չեն տալիս նաև միջազգային կազմակերպությունների ջանքերը: Օրեր առաջ, մասնավորապես, Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել Բելառուսի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել բլոգերին, ընդգծելով, որ «Լապշինը չպետք է կալանավորվի իր կարծիքն արտահայտելու կամ վիճահարույց տարածաշրջան այցելելու համար»:
Հեղինակավոր կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանը Ղարաբաղ այցելելու համար 180 լրագրողի է ներառել իր «սև ցուցակում»: Ավելի վաղ իսրայելցի դիվանագետները նշել էին, որ Բաքուն փորձում է Լապշինի ազատազրկումը նախադեպ դարձնել՝ մյուսներին ճնշելու համար: