ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե հնարավոր է Պուտինին առաջարկի Ռուսաստանի դեմ տնտեսական որոշ պատժամիջոցների վերացում՝ Մոսկվայի հետ միջուկային զենքի կրճատման բանակցությունները վերականգնելու նպատակով:
Կիրակի օրը բրիտանական The Times և գերմանական Bild թերթերին տված հարցազրույցում Թրամփն ասել է, թե ցանկանում է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջուկային սպառազինությունները էականորեն կրճատվեն:
Նա քննադատել է Ռուսաստանին՝ Սիրիայի քաղաքացիական պատերազմում ռազմական ներխուժման համար, ասելով, թե դա «շատ վատ բան է», որը հանգեցրել է «հումանիտար սարսափելի իրավիճակի»:
Հյուսիսատլանտյան դաշինքի մասին Թրամփն ասել է, թե ՆԱՏՕ-ն «հնացած է», քանի որ ավելին չի արել ահաբեկչության դեմ պայքարի համար, բայց նշել է, որ իր համար դաշինքը դեռ շատ կարևոր է:
Թրամփը կրկնել է իր քննադատությունը, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ բավարար վճարումներ չեն կատարում իրենց անվտանգության համար, ինչը իրականացնում է Միացյալ Նահանգները: Նա պնդել է, որ դաշինքի անդամ շատ երկրներ չեն վճարում իրենց մասնաբաժինը, ինչը պարտավոր են կատարել: «Ես կարծում եմ՝ սա շատ անարդար մոտեցում է Միացյալ Նահանգների հանդեպ», - դժգոհել է Թրամփը, նշելով, որ ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից միայն հինգն են արդարացի վճարում իրենց մասնաբաժինը:
Եվրոպային առնչվող մեկ այլ կարևոր հարցի՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին Թրամփը դրական կարծիք է հայտնել: Նա գովաբանել է Լոնդոնի որոշումը: Թրամփի կարծիքով՝ փախստականների հանդեպ Եվրամիության լիբերալ քաղաքականությունը կարող է հանգեցնել նրան, որ այլ երկրներ ևս դուրս գան Եվրամիությունից:
Ասելով, թե ինքը հարգում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Թրամփը միաժամանակ կարծիք է հայտնել, որ Մերկելը «աղետալի սխալ» կատարեց՝ թույլատրելով առանց փաստաթղթերի բազմաթիվ միգրանտների մուտքը Գերմանիա սկսած 2015 թվականից:
Նա գովաբանել է Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ թագուհուն և նշել, որ մոտ ապագայում Բրիտանիայի հետ առևտրային համաձայնագիր է ստորագրվելու և շուտով հանդիպելու է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին:
Անդրադառնալով իր փեսային խորհրդական նշանակելու հարցին՝ Թրամփն ասել է, թե Ջարեդ Քուշներին նշանակելու է միջնորդ Մերձավոր Արևելքի խաղաղ բանակցություններում:
Չորս օրից Դոնալդ Թրամփը կստանձնի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը՝ դառնալով Միացյալ Նահանգների 45-րդ նախագահը: Օբամայի վարչակազմից և դեմոկրատների ճամբարից նրա հասցեին շարունակվում են քննադատությունները, կամ խորհուրդները:
Կենտրոնական հետախուզության վարչության ղեկավար Ջոն Բրենանը, ով շուտով կհեռանա պաշտոնից, կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ է արել՝ հետևել խոսքերին, ասելով, որ նրա հախուռն դրսևորումները, արձագանքները, թվիթերյան շատ գրառումներ չեն համապատասխանում երկրի անվտանգության շահերին։
Բրենանը նաև հորդորել է Թրամփին զգույշ լինել Ռուսաստանի հետ: «Ես կարծում եմ՝ Ռուսաստանի հնարավորությունների, մտադրությունների և գործողությունների մասին Թրամփի պատկերացումները լիարժեք չեն», - նշել է Ջոն Բրենանը:
Դեմոկրատական կուսակցության 18 կոնգրեսականներ հայտարարել են, թե բոյկոտելու են Թրամփի երդմնակալության արարողությունը: Նրանց թիվն ավելացել է Ջորջիա նահանգից Դեմոկրատական կուսակցության անդամ կոնգրեսական Ջոն Լևիսի հասցեին Թրամփի մեկնաբանությունից հետո: Ջոն Լևիսը Ներկայացուցիչների տան վետերան անդամներից է և հայտնի իրավապաշտպան:
Հունվարի 13-ին նա ասել էր, թե չի մասնակցելու Թրամփի երդմնակալությանը, որովհետև նրան լեգիտիմ նախագահ չի համարում: «Ես կարծում եմ՝ ռուսները միջամտել են, օգնել են այդ մարդուն՝ հաղթել ընտրություններում և ոչնչացնել թեկնածու Հիլարի Քլինթոնին», - պնդել էր Լևիսը:
Թրամփը արձագանքել է՝ Թվիթերում գրելով, թե Լևիսը, ով ներկայացնում է Ատլանտան ընդգրկող Ջորջիա նահանգի շրջանը, պետք է շատ ավելի ժամանակ հատկացնի՝ օգնելու իր շրջանին, որը սարսափելի վիճակում է և քայքայվում է, քան՝ դժգոհի նախագահական ընտրությունների արդյունքներից: «Լևիսի շրջանը հանցագործություններով վարակված է, և Լևիսը միայն խոսք է, բառեր, բառեր...՝ ո՛չ մի գործողություն, ո՛չ մի արդյունք: Տխուր է», - Թվիթերում գրել է Թրամփը: