«Ժառանգություն»-ը շարունակում է ակտիվ քննարկումները՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդդիամդիր լայն դաշինքով մասնակցելու շուրջ: Հանդիպումները սկսել է Րաֆֆի Հովհաննիսյանը, շարունակել կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, և արդեն առաջիկա օրերին, Հովհաննիսյանի վերադարձից հետո, «Ժառանգություն»-ը որոշում կկայացնի:
Արմեն Մարտիրոսյանի խոսքով, այնպիսի միավորում պիտի ստեղծեն, որ մարդիկ տեսնեն՝ պայքարողների խումբ կա: «Ժառանգության» փոխնախագահը թեև անուններ չի տալիս, բայց չի էլ հերքում, որ նաև Պաշտպանության և ԱԳ նախկին նախարարներ Սեյրան Օհանյանն ուՎարդան Օսկանյանը կարող են լինել այդ խմբում:
Արդյո՞ք սա չի նշանակում «մարտի 1»-ի մեղսակիցների հետ համագործակցություն: Մամուլում և սոցցանցերում հնչող այս քննադատությանն առնչվող հարց ուղղեցինք Արմեն Մարտիրոսյանին, ինչին վերջինս պատասխանեց: «Ես շատ ուրախ կլինեմ, որ որևէ մեկը մեկ փաստ կամ կես փաստ ներկայացնի, որ ասենք՝ Վարդան Օսկանյանը կրակելու հրաման է տվել: Ես անմիջապես ներողություն կխնդրեմ մեր քաղաքացիներից և քաղաքական դաշտի ներկայացուցիչներից և, բնականաբար, որևէ քննարկում իր հետ չեմ իրականացնի»:
Դիտարկմանը, որ Օսկանյանն այն ժամանակ քաղաքական իշխանության ներկայացուցիչ էր ու հայտնի դեպքերից հետո անգամ հրաժարական չներկայացրեց, Արմեն Մարտիրոսյանն այսպես արձագանքեց՝ «Ըստ էության, կարելի է ասել, բացի «Ժառանգություն»-ից, բոլորը իշխանության մեջ են եղել ինչ-որ մի ժամանակ․․․նաև Սեյրան Օհանյանը․․․հիմա դուրս է գալիս, որ ես իրենց փաստաբա՞նն եմ, ես կարծում եմ, որ իրենք կխոսեն, իրենք կասեն՝ երբ են գործողության մեջ եղել, ինչ հրաման են ստացել, ինչ հրաման են կատարել, օրենքով են շարժվել, թե ոչ»:
2008 թվականին հեռուստատեսությամբ հնչած իր ուղերձում Սեյրան Օհանյանը, մասնավորապես, ասել էր՝ անգամ մարդկանց՝ փոքր խմբերով դուրս գալու դեպքում նրանց նկատմամբ միջոցներ կարող են ձեռնարկվել, քանի որ այդպիսիք կդիտվեն զանգվածային անկարգության մասնակիցներ: Արմեն Մարտիրոսյանը հիշում է այդ ուղերձը և, դրա առնչությամբ, հորդորում է կանչել հենց իրեն՝ Սեյրան Օհանյանին ու բացատրություններ խնդրել նրանից:
«Ինձ ոչ թե Սեյրան Օհանյանի այդ հայտարարությունն է խոչընդոտում, այլ Սեյրան Օհանյան ազատամարտիկի, զինվորի անցած ուղին է որոշակի հույս տալիս, որ ինքը ևս մտահոգ է երկրում ստեղծված իրավիճակի կապակցությամբ»,- հավելեց «Ժառանգության» փոխնախագահը:
Հիշեցմանը, որ հենց Րաֆֆի Հովհաննիսյանն էր պահանջում Սեյրան Օհանյանի հրաժարականը, նրան մեղադրում ընտրակեղծարարության մեջ, օրինակ՝ սահմանադրական հանրաքվեից հետո հայտարարելով, թե Օհանյանը մասնակցել է պետական հանցագործությանը, զինվորներին ուղղորդել՝ մասնակցել քվեարկությանը, Արմեն Մարտիրոսյանն արձագանքեց՝
«Նորից կարծես թե փաստաբանի դերում են հանդես գալիս, ես ասում եմ՝ բոլոր այն անձինք, ովքեր պատրաստ են այս համակարգի դեմ պայքարել, ովքեր ցանկանում են երկրում արմատապես իրավիճակ փոխել, ես այդպիսի անձանց հետ պետք է փորձեմ պայքար տանել՝ երկիրն այս ճգնաժամից դուրս բերելու համար»։
«Նույնիսկ եթե նրանք ներգրավված են եղել 2013-ի նախագահական ընտրակեղծարարության մե՞ջ, ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանն է ասել Սեյրան Օհանյանի մասին»,- «Ազատության» այս դիտարկմանն էլ Մարտիրոսյանը պատասխանեց՝ «Բերեք այդ հարցերի պատասխանը թող հրապարակային պարոն Օհանյանը, այլ հարցերի հետ կապված՝ պարոն Օսկանյանը տան: Ես չեմ պատրաստվում իրենց հետ մեկ կուսակցության մեջ մտնեմ, ես չեմ պատրաստվում իրենց հետ բիզնես գործունեության մեջ մտնեմ: Ես՝ որպես անկախ քաղաքական միավորի ներկայացուցիչ, այլ սուբյեկտների հետ փորձում եմ պայքարել, պայքարի արդյունքում փորձում եմ երկրում իրավիճակ փոխել»։
Այդուհանդերձ, Սեյրան Օհանյանի և Վարդան Օսկանյանի հետ համագործակցության շուրջ «Ժառանգություն»-ում լուրջ տարաձայնություններ կան: Զարուհի Փոստանջյանը, մասնավորապես, կտրականապես դեմ է այս գործիչների հետ միասնական ցուցակով ընտրությունների գնալուն: «Եթե ասեն, այո, մենք եղել ենք մեղսակից և պատրաստ ենք նստել մեղադրյալի աթոռին, թող մեր նկատմամբ տեղի ունենա արդար դատավարություն, թող դատարանը որոշի՝ մենք ինչ չափով ենք մեղավոր, էդ ժամանակ ես բոլոր մարդկանց կարող եմ լսել և ասել՝ եկեք, մենք միասին գնում ենք պատերազմ՝ քանդելու այս համակարգը»,- ավելի վաղ ասել էր Փոստանջյանը:
Արմեն Մարտիրոսյանը, մինչդեռ, խնդիր չի տեսնում: «Շատ լավ կլինի, թող արդար դատավարության համակարգ լինի մեզ մոտ, թող իրենք գնան ցուցմունքներ տան: Եվ եթե էդ ցուցմունքների մեջ կլինի այնպիսինը, որն իրենց մեղադրյալ կդարձնի, թող գնան դատարանում պատասխան տան: Նախ արդար դատաքննության հնարավորություն պետք է ստեղծենք, նոր հետո մարդուն ասենք՝ գնա հիմա պատասխան տուր»,- ասում է Մարտիրոսյանը: Իսկ ծագած ներկուսակցական հակասությունն էլ, ըստ նրա, «շատ հանգիստ կլուծվի»՝ քննարկումով և քվեարկությամբ, ինչպես եղել է միշտ:
Դեռ չի հանգուցալուծվել նաև Անահիտ Բախշյանի շուրջ ստեղծված կացությունը: Կուսակցության վարչության անդամն առայժմ չի մեկնաբանում «Ժառանգություն»-ից հեռանալու մասին լուրերը: Հայտնի է, որ նա մի քանի ուժերից, այդ թվում՝ Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան»-ից հրավեր է ստացել: Արմեն Մարտիրոսյանն այս առնչությամբ ասաց՝ «Եթե ինքը կնախընտրի այլ քաղաքական միավորի հետ շարունակել իր գործունեությունը, մենք իրեն ընդամենը բարին կարող ենք մաղթել, որևէ բացասական խոսք չենք ասի»: